25  11  2017

Ահաբեկչություն Եգիպտոսում և մահացու հրդեհ՝ Բաթումում. Կան բազում զոհեր



Եգիպտոսում՝ Հյուսիսային Սինայի նահանգում, նոյեմբերի 24-ին ահաբեկչություն է եղել, որին զոհ է գնացել 235 մարդ, 120-ը վիրավորվել է: Զոհվածների թվում կան ծերեր և երեխաներ։

Հյուսիսային Սինայի Էր Ռաուդա բնակավայրում մզկիթի վրա հարձակումն իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ահաբեկիչները շրջափակել էին մզկիթը, պայթուցիկ դրել աղոթողների բազմության մեջ, ապա անկանոն կրակ բացել։

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։

Ի պատասխան ահաբեկչության՝ Եգիպտոսի զինվորականները նոյեմբերի 25-ի լույս գիշերը ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Սինայի Բիր ալ Աբդեում ջիհադականների դիրքերի վրա:

Հեռուստատեսային ուղերձում  Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ վրեժխնդիր են լինելու:

Ռազմական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» 30 գրոհային: Ոչնչացված է գրոհայինների զենքի և ռազմամթերքի պահեստը:

 

Նոյեմբերի 24-ին, ժամը 21:00-ին ահազանգ է հնչել Բաթումիում՝ «Լեոգրանդ» հյուրանոցում: Զոհվել է 11 մարդ, որից 10-ը՝ Վրաստանի, 1-ը՝ Իրանի քաղաքացի: ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար: Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հյուրանոցի մենեջերը լրագրողների հարցին, թե ինչու չեն տարհանել այն 11 մարդկանց, որոնք զոհվել են հրդեհի հետևանքով, պատասխանել է. «Հրդեհի պատճառով մեծ ծխացում էր, որի պատճաով չտեսանք այդ մարդկանց, չգիտեինք նրանց գտնվելու վայրը»:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 17 հրշեջ-փրկարարական խումբ, 120 հրշեջ-փրկարար, հակահրդեհային և փրկարարական տեխնիկային հետ միասին, Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի շրջաններից, Աջարիայի ոստիկանության վարչության և պարեկային ոստիկանության վարչության Աջարիայի գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակից և առանձնահատուկ առաջադրանքների վարչության ներկայացուցիչներ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ