08  11  2017

Ծեծե՞լ բժշկին, թե՝ ոչ. Քննարկում խորհրդարանում

Ծեծե՞լ բժշկին, թե՝ ոչ. Քննարկում խորհրդարանում

Ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում: Այս մասին նոյեմբերի 8-ին, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ առաջարկը նպատակ ունի պաշտպանել բժիշկներին անհարկի խոշտանգումներից և աշխատանքը կատարելուն խանգարող խոչընդոտները վերացնելուց:

«Վերջերս շատ դեպքեր են գրանցվում, երբ բժշկի աշխատանքը խոչընդոտվում է բռնությամբ: Ցավոք սրտի, նաև ծեծի պատճառով մահվան դեպք է գրանցվել, որից հետո որոշեցինք այս նախագիծն իրականացնել: Շտապօգնության մեքենան ուշ է գալիս, ծեծում են ուշանալու համար: Էդ ընթացքում մարդը չի կարողանում բուժօգնություն ցույց տալ, էլ չասեմ, որ ուշանալու համար մեղավորը բժիշկը չէ», - նշեց Կարեն Ավագյանը:

Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձև: Այս մասին նշեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը:

«Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարևոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում: Կարևոր եմ համարում այս օրենքի ընդունումը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ թեև վիճակագրություն չկա, թե քանի բժիշկ է բռնության ենթարկվում, բայց բազմաթիվ նման դեպքեր են եղել:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ընդգծեց, որ եթե բժիշկը սխալ է արել, դա չի նշանակում, որ հիվանդի հարազատները պետք է ինքնադատաստանի ենթարկեն բժշկին, քանի որ գործող օրենսդրությամբ բժշկի սխալի համար ևս նախատեսվում է պատիժ:

Ի վերջո, օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ