14 02 2024

Պուտինը կձերբակալվի՞, եթե գա Հայաստան. պարզաբանում

Պուտինը կձերբակալվի՞, եթե գա Հայաստան. պարզաբանում

Խնդրին լուծում տալու միայն մեկ տարբերակ կա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կձերբակալվի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե գա Հայաստան։ 

«Անձեռնմխելիության հարցը վիճելի է, քանի որ երկու տարբեր դատական ատյաններ՝ Միջազգային քրեական դատարանն ու Արդարադատության միջազգային դատարանը, չհամընկնող մոտեցումներ ունեն գործող նախագահների անձեռնմխելիության վերաբերյալ։ Հռոմի ստատուտի վավերացման պահին մենք առաջարկում էինք ռուսական կողմին երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը հիմնվում է կանոնադրության հոդվածների վրա, ըստ որոնց՝ պետությունները կարող են ունենալ երկկողմ պայմանագրեր, որոնցով ստանձնում են որոշակի պարտավորություններ և կարող են վկայակոչվել բացառություններ անելու համար։ Նման առաջարկ դեռ նախորդ տարի ապրիլին փոխանցվել էր ռուսական կողմին, հետո քննարկումներ են եղել նախքան վավերացումը, սակայն, ցավոք, չստացվեց կնքել պայմանագիրը։ Կարծում եմ՝ լավագույն մեխանիզմը, որը լուծում կտա այս խնդրին, սա է։ Հուսով եմ՝ ԱԳՆ գործընկերներն այս ուղղությամբ աշխատում են մեր ռուս գործընկերների հետ։ Ուրիշ ավելի լավ առաջարկ չգիտեմ, որը կարող է լինել»,- ասել է նա։

Հարցին՝ Երևանի առաջարկած պայմանագրի կնքումը թույլ կտա՞, որ Վլադիմիր Պուտինը հանգիստ գա Հայաստան՝ առանց որևէ խնդրի, Կիրակոսյանն արձագանքել է, որ դա առնվազն որոշակի իրավական հիմք կստեղծի դրա համար։

Ստացվում է՝ նույնիսկ այդ դեպքո՞ւմ երաշխիք չկա, որ Պուտինը չի ձերբակալվի Հայաստանում․ ճշտող այս հարցին Կիրակոսյանը հստակ չի պատասխանել՝ ասելով՝ ավելի լավ կլիներ, որ այդ պայմանագիրը կնքվեր մինչև Հռոմի ստատուտի վավերացումը։

«Վավերացումից հետո խնդրին լուծում տալու միակ հնարավոր տարբերակը սա է, այլ տարբերակ չկա»,- ասել է Կիրակոսյանը՝ դժվարանալով ասել՝ ինչու ռուսական կողմը չի ցանկանում ստորագրել նման պայմանագիր Հայաստանի հետ։

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու և դատարան ներկայացնելու օրդեր է տվել, որը կատարելու պարտավորություն ունեն դատարանին միացած երկրները, իսկ Հայաստանն փետրվարի 8-ին պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ