12 05 2020

Բաթոյանը պարգևավճար ստանում է, բայց աշխատավարձ չի տալիս

Բաթոյանը պարգևավճար ստանում է, բայց աշխատավարձ չի տալիս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տասնյակ  միլիոններով պարգևատրել է ինքն իրեն ու իր տեղակալներին, սակայն նախարարությունը՝ պարտքեր է կուտակում սպասարկող ծառայությունների  նկատմամբ և փաստացի չի կատարում իր ֆինասական պարտավորությունը:

Արդեն հինգ ամիս է՝ նախարարությունը չի փոխանցում իր «թեժ գիծ» ծառայությանը բուջեով հատկացված աշխատավարձերը և սա այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում, պարտադրվել է 7 հոգանոց անձնակազմին աշխատել 24 ժամյա ռեժիմով, ըստ որում՝ սպասարկել առանց շաբաթ կիրակի օրերի: Եվ հատկանշական է, որ թեժ գծին կուտակած ընդամենը 4-5 միլիոնի աշխատավարձի պարտքի ֆոնին ն նախարար Բաթոյանը՝ ինքն իր անձի աշխատանքն գնահատել է շատ բարձր։ Տիկին Բաթոյանը 2019-ին մինչ մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին, միանգամից՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար: Նշենք նաև որ նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ բարձրացել 793 680 ՀՀ դրամի, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:

8 ամսվա մեջ 14 միլիոնանոց պարգևավճարով համարվում է, որ նախարարը գերազանց է աշխատել, իսկ 11 միլիոն պարգևավճարով մեր հարկատուներիս հաշվին նա իր երախտիքն է հայտնել մի փոխնախարարի, որին հարազատ Իմ քայլական պատգամավորները քանիցս խայտառակ վիճակում են դրել ԱԺ-ում՝ ոլորտից անտեղյակ լինելու պատճառով: Վերջերս էլ հրապարակայնորեն հայտարարեցին, թե պարոն Ուդումյան, Դուք ձեր ոլորտում չեք տիրապետում իրավիճակին, գնացեք պատրաստվեք նոր եկեք ԱԺ, իսկ փոխնախարար Արման Ուդումյանին հակադարձելու բառապաշարը նույնիսկ չհերիքեց, նա շնորհակալություններով համաձայնում էր դիտողությունների հետ:

Ի դեպ, սոցապի թեժ գծի տարեկան բյուջեն ընդամենը 9 մլն դրամ է, այսինքն փոխնախարար Ուդումանի կամ Գեմաֆին Գասպարյանի կես տարվա պարգևավճարից քիչ: Իսկ սոցիալական պաշտպանության ոլորտը, չմոռանանք, ամենամեծն ու ընդգրկունն է համարվում՝ պաշտպանության նախարարությունից հետո, տնօրինում է պետբյուջեի շուրջ 30%-ը, իսկ ոլորտի շահառուն է դառնում դեռևս չծնված երեխայից  մինչև ծեր քաղաքացին, հետևաբար ահռելի ծավալայուն է 114 թեժ գծի ահազանգերի շառավիղը:   

Նախարարությունը պաշտոնապես հաստատեց Yerean.Today-ի տեղեկությունը՝ նշելով, որ այո, պարտքեր են կուտակվել աշխատավարձի տեսքով, թեժ գծին սպասարկմանը  բյուջեից իջեցված վճարումը չի կատարվել: Նախարարությունը պատճառաբանում է, թե նորից օրակարգ էր մտել կառուցվածքային փոփոխությունների հարցը, ըստ այդմ՝ նախատեսվում էր «Թեժ գիծ» ծառայությունը մտցնել նախարարության ենթակայության տակ:

«Կատարողական ներկայացվել է, բայց վճարում չի իրականացվել, քանի որ թեժ գծի սպասարկման պայմանգիրը մինչ օրս կնքված չէ: Կառուցվածքային փոփոխություններով նոր որոշման էինք սպասում, բայց  հետաձգվեց անժամկետ: Այս ընթացքում «Թեժ գծի» սպասարկողների վճարումներն արվել են անխափան՝ Նորքի արտաբյուջեյից, տնտեսական այլ գործունեությունից եկամուտների հաշվին: Բայց առաջիկա օրերին կփոխանցվի կուտակած պարտքը, նոր պայմանագիր կկնքվի «Նորքի սպասարկման կենտրոնի հետ»,- վստահեցրեց նախարար Բաթոյանի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Կնշանակի՝ նախատեսվող կրճատումները կհետաձգեն ևս մեկ տարով:  

Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմում թեժ գիծը սպասարկել է նախարարության գործուղած լրացուցիչ կադրային ռեսուրսով: Աշխատավարձերի վերանայում չի կատարվել, բայց նրանք բոլորն արտաժամյա ռեժիմի համար օրենքով սահմանված հավելավճար են ունեցել:

«Ապրիլի 14 –ից մինչ օրս՝ թեժ գծի 7  հոգանոց անձնակազմը նախարարության գործուղած 66 աշխատակցի հետ միասին 24 ժամյա ռեժիմով անխափան սպասարկել է քաղաքացիների՝ օրական 1300-1500 զանգերը: Օգնել են իրացնել իրենց սոցիալական իրավունքը նաև պարզաբանելով Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակը, այն վեց միջոցառումների գործող կարգը, որոնք հենց մեր նախարարությունն է իրականացնում (4-րդ, 6-րդը, 7-ը, 8-ը, 9-րդն ու 11-րդը): 

Ինչ վերաբերում է վարձատրմանը, գիշերային ժամերի հերթափոխի համար աշխատավարձից բացի նրանց տրվել է ժամային դրույքաչափով ևս 30% հավեալավճար, իսկ ոչ աշխատանքային՝ շաբաթ կիրակիների դեպքում՝ նրանց լրացուցիչ վճարը հաշվվել է 50 տոկոսի ժամավճարի չափով»,- պարզաբանեց խոսնակը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ