23 11 2018

Տնտեսությունը՝ ազատ անկման մեջ

Տնտեսությունը՝ ազատ անկման մեջ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-հոկտեմբերի ցուցանիշները վկայում են, որ մեր երկրի տնտեսությունն այլևս ազատ անկման մեջ է և այդ ընթացքը կասեցնելը անչափ դվար է լինելու։ Համաձայն այդ ցուցանիշների, այս տարվա 10 ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է նվազել և կազմել արդեն 6 տոկոս։ Այսինքն, ինը ամիսների ցուցանիշի համեմատ ևս 0,5 տոկոս տեմպի անկում է գրանցվել, իսկ տարվա առաջին եռամսյակի համեմատ, երբ աճի տեմպը 10,6 տոկոս էր, նվազումը կազմել է 5,6 տոկոս։ Հակառակ Նիկոլ Փաշինյանի նախկինում արված «տնտեսական թռիչքին թափ հավաքելու», իսկ մի քանի օր առաջ էլ «առողջացման պրոցեսների» մասին հայտարարություններին, տնտեսության վիճակն անմխիթար է։ Խնդիրը այն չէ, որ տնտեսական «թռիչք» ու «առողջացում» արտահայտություններն ուղղակիորեն հակասում են միմյանց։ Խնդիրն այն է, որ կառավարությունը դրանով փաստում է տնտեսության նկատմամբ իր անգործությունը։ Եվ առնվազն ծիծաղելի է, երբ վարչապետի պաշտոնակատարը խոսելով այս ցուցանիշներից, փորձում է իրավիճակը ներկայացնել տրամագծորեն հակառակ լույսի ներքո։

Տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հոկտոմբերին անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ 3 տոկոս աճ ունենք։ Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք,  որ հոկտեմբերին երկու կարևոր միջացառումների՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագթաժողովի և Երևանի հիմնադրման 2800 ամյակի շնորհիվ, որոնցում ներկա իշխանություննեը ոչ մի ներդում չունեն, ծառայությունների ոլորտում որոշակի աճ տեղի կունենա։ Դա տեղի է ունեցել, և թե՛ նախորդ տարվա հոկտեմբերի, թե այս տարվա սեպտեմբերի համեմատ աճ է արձանագրվել, որը էապես նպաստել է տնտեսական ակտիվության հոկտեմբերի 3 տոկոս աճին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» անդրադառնալ այն փաստին, որ սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին արդեն ոչ թե աճ, այլ տնտեսական ակտիվության անկում է գրանցվել՝ այն էլ 5 տոկոսով։ Փաստ, որը խոսում է ամսեամիս խորացող տնտեսության անկման մասին։

Մյուս ցուցանիշը, որով հանիրավի հպարտացել է վարչապետի պաշտոնակատարը, արդյունաբերությունում հոկտեմբերին 8,1 տոկոս աճն է։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ՝ սեպտեմբեր ամիսն այստեղ աճը գրեթե զրոյական է եղել,ապա ամեն ինչ տեղավորվում է աճի տեմպի նվազման տրամաբանության մեջ։ Այն կարող է տատանումներով ընթանալ, և իրական պատկերն իմանալու համար ճիշտ կլիներ դիտարկել 10 ամիսների դինամիկան և ցուցանիշները։ Եվ ընդհանրապես, վիճակագրական ցուցանիշների մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ մեկ ամսվա ցուցանիշներով սխալ է եզրակացություններ անել։ Հնարավոր է, որ նրա բազմաթիվ խորհրդականներն այդ մասին նրան ասած լինեն և նա գիտի այդ մասին, բայց այլ ելք չունի, քան այդպես վարվելը։ Հակառակ դեպքում, նա պետք է արդարանա, թե ինչպե՞ս է պատահել, որ ունենք տնտեսության ներկա ողորմելի պատկերը։ Իսկ արդյունաբերությունում տաս ամսիների աճը կազմել է 4,5 տոկոս, որն, այդուհանդերձ, էական նվազում է դարձյալ նույն առաջին եռամսյակի 8,2 տոկոս աճի համեմատ։ Հավելենք, նաև որ իր ծավալներով արդյունաբերությունը երրորդն է առևտրի և ծառայություններից հետո, այն դեպքում, երբ անցած երկու-երեք տարիների շարունակական աճի շնորհիվ, մի քանի ամիս առաջ երկրորդն էր։

Գյուղատնտեսությունում ոչ թե աճի տեմպի նվազում է, այլ անկում, որը շարունակվում է ահագնացող թափով։ Տաս ամիսներին արդյունքում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,1 տոկսով։ Եվ սա բարենապաստ եղանակային պայմաններով գյուղատնտեսական տարում։

Շինարարությունում նույնպես աճի տեմպը թավալգլոր նվազում է արձանագրում, հունվար-հոկտեմբերին հասնելով արդեն 6,5 տոկոսի, առաջին եռամսյակում արձանագրված 23 տոկոս աճի փոխարեն։

Անկում է արձանագրվել անգամ առևտրում։ Հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ այստեղ 4,4 տոկոս անկում է գրանցվել՝ ինչի հետևանքով աճի տեմպը տաս ամիսներին մնացել է նույնը ինչ ինը ամիսներին էր՝ 9,6 տոկոս։ Այդուհանդերձ, առևտրում արձանագրվող անկումը խոսում է մի ահազանգող երևույթի մասին՝ բնակչության գնողունակության նվազման։ Այսինքն, տնտեսական ակտիվության աճի տեմպի անկումը արդեն հասնում է մարդկանց գրպանին։

Եվ վերջապես, անգամ ծառայությունների ոլորտում, չնայած հոկտեմբերին տեղի ունեցած միջոցառումների, որոնց մասին նշվեց վերևում, աճի տեմպը նույնպես շարունակում է իջնել։ Հունվար-հոկտեմբերին այն կազմել է 18,5 տոկոս։

Վերոնշյալ ցուցանիշները բերում են այն եզրակացության, որ առաջիկա ամիսներին տնտեսության աճի տեմպը շարունակելու է նվազել և հայտնի չէ, թե տարեսկզբի բարձր աճից ինչ կմնա։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսի ինչ-որ քայլեր ձեռնարկել այս գործընթացը կասեցնելու ուղղությամբ, դրա արդյունքները նկատելի չեն լինի առաջիկա ամիսներին։ Սակայն, գոնե առայժմ ամեն ինչ արվել է հակառակ ուղղությամբ՝ ներդողներին նկատմամբ ճնշումներ, փակված երկու խոշոր կոմբինատներ, օգոստոս ամսին առանց ջրի թողնված գյուղատնտեսություն, իսկ հիմա էլ ․․․ երթ Երևանի փողոցներով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ