23  05  2019

Ի՞նչ անել բույսերից չթունավորվելու համար․ ԱՆ խորհուրդները

Ի՞նչ անել բույսերից չթունավորվելու համար․ ԱՆ խորհուրդները

Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանում են, ընդ որում ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից:

Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը:

Թունավորման ախտանշաններն են՝ հաճախասրտություն, լորձաթաղանթների չորություն, չոր հազ, հնարավոր են նաև ցնցումներ:

Ազդեցության նախնական փուլում նկատվում է գրգռվածություն, որն արտահայտվում է չկապակցված խոսքով և առանց պատճառի ծիծաղով, ցրվածությամբ, իրար հաջորդող արգելակման և ակտիվության փուլերի կրկնությամբ: Նկատվում է նաև զառանցանք ու ցնորք: Գրգռման փուլին հաջորդում է երկարատև խորը քուն՝ ուղեկցվող վառ տեսիլքներով և երազներով: Արթնանալուց հետո տուժածներն ունենում են հիշողության բացակայություն, լուսավախություն, որը կարող է շարունակվել մի քանի օր:

Բույսերի թունավորումից զգուշանալու նպատակով անհրաժեշտ է ճանաչել մեր շրջապատում, բակերում և տնամերձ հողամասերում հաճախ հանդիպող բույսերը, կարողանալ տարբերել թունավոր բույսերը և զգուշանալ դրանցից: Հայաստանում հանդիպող թունավոր բուսատեսակներից են ընձախոտը, գնարբուկը, մորմը, ագռավաչքը, շնդեղը, հովտաշուշանը, մատնորակը և այլն:

Թունավորումներից և անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • թունավորման նախանշանների դեպքում (փորացավ, սրտխառնոց, ստամոքսի խանգարում, գլխապտույտ) անմիջապես դիմել բժշկի, քանի որ կան որոշ թունավոր բույսեր, որոնք բավականին արագ են ազդում օրգանիզմի վրա,
  • երեխաներին հասանելի վայրերից հեռացնել թունավոր բույսերը,
  • ճանաչել, տարբերել և զգուշանալ թունավոր բույսերից,
  • ձեռք չտալ անծանոթ բույսերի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ