09  05  2019

Մալայանի կենտրոնում հիվանդները սրսկումից գրեթե կուրացել են

Մալայանի կենտրոնում հիվանդները սրսկումից գրեթե կուրացել են

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Avestin» դեղամիջոցի ներարկումից 10 հիվանդների աչքերը բորբոքվել են, և նրանց տեսողությունը վատացել է։ 6 հիվանդի, ովքեր շաքարային դիաբետ են ունեցել, վիրահատել են, մյուսներին դեղորայքային բուժում են նշանակել։ Կենտրոնից տեղեկացրել են, որ նրանց տեսողությանը վտանգ չի սպառնում, և հիվանդներն արդեն դուրս են գրվել։

Միջադեպի առնչությամբ պարզաբանում է տարածել նաև «Նատալի ֆարմ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ խոսքը շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցի մասին է, որը կիրառվել է ներակնային ներարկման եղանակով։

«Նախ պետք է փաստենք, որ տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

Երկրորդ, պետք է նշել, որ դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե Նատալի ֆարմ ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ Շվեյցարական Ռոշ ընկերությանը։ Ցանկացած դեպքում Նատալի ֆարմ ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն»,-ասված է պարզաբանման տեքստում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ