18  05  2018

Սննդային մասսայական թունավորում՝ Արմավիրի մարզում

Սննդային մասսայական թունավորում՝ Արմավիրի մարզում

Մայիսի 17-ին մասսայական թունավորման դեպք է արձանագրվել Արմավիրի մարզում: Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում:

Հիվանդների մոտ նկատվել են նույն գանգատները՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, լուծ, գլխապտույտ:

Գանգատներով Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ բժշկական օգնության է դիմել 64 մարդ, հիվանդների վիճակը թեթև և միջին ծանրության են: Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները:

Նախնական վարկածով պատճառը սննդային թունավորումն է:

Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ հավի մսով:

Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից:

Թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Օրվա ընթացքում կլինեն դուրս գրումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ