31  01  2018

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. Առողջապահության նախարարություն

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. Առողջապահության նախարարություն

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ «STEPS» ազգային հետազոտություն։

Նպատակն է ՀՀ 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ՈՎՀ-ի (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացութուններ, շաքարային դիաբետ, թոքի օբստրուկտիվ հիվանդություններ) ռիսկի գործոնների տարածվածության գնահատմամբ դրանց կանխարգելումն է և քաղաքականության մշակումը:

Նշենք, որ ծխախոտի տարածվածության վերաբերյալ Հայաստանում հետազոտություններ են իրականացվում 2004 թվականից:

STEPS ազգային հետազոտության հարցմանը մասնակցել է 18-69 տարեկան 2.349 քաղաքացի։ Հարցման արդյունքներով ծխում են տղամարդկանց կեսից ավելին` 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը։ Նրանց 94.3%-ն օգտագործում է գործարանային արտադրության ծխախոտ։

Ծխելը սկսելու միջին տարիքը 18.1 է։

Ուշագրավ է, որ չափահաս բնակչության 56.4%-ը ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվում է տանը, իսկ 26.6%-ն` աշխատավայրում:

Հայաստանում ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք: 2016 թվականին ընդհանուր հիվանդների թիվը կազմել է 1930, որից 1624-ը` տղամարդիկ, 306-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 64.6), իսկ մահացությունը՝ 1170 դեպք, որից 975-ը` տղամարդիկ, 195-ը` կանայք (100.000 բնակչի հաշվով` 39.1):

Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ:

Միաժամանակ, Հայաստանում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների շուրջ 55.000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը համարվում է ծխելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ