26  09  2017

Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բժշկական ապահովագրություն ստանալ Ռուսաստանում

Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բժշկական ապահովագրություն ստանալ Ռուսաստանում

Երևանում մեկնարկել է հայ- ռուսական առողջապահական համաժողով, որին մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարները:

«Ժամանակակից հասարակության կյանքը վերջին 15-20 տարիներին էականորեն փոխվել է: Ցավոք, զարգացումները չեն հանգեցնում հիվանդությունների նահանջին և առաջ են բերում նոր բուժսանիտարական խնդիրներ՝ սրելով հները։ Նման խնդիրների թվում կցանկանայի նշել ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, տեխնածին աղետների հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակները, նոր ինֆեկցիոն հիվանդությունները, միգրանտների առողջական խնդիրները, ճանապարհատրանսպորտային պատահարները և այլն»,- բացման խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հայաստանում բժշկության մեջ կան ուղղություններ, որոնք կարող են հետաքրքիր լինել մեր հարեւանների եւ գործընկերների համար: Նախարար Ալթունյանն առանձնացրեց վիրաբուժությունը, ստոմոտոլոգիան. «Ի վերջո, պետք է նշել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որտեղ երեկ մենք այց ունեցանք: Անձնակազմն ու սարքավորումները հիացրին մեր գործընկերոջը՝ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային»: Նախարարն ասաց, որ ռուսական կողմի հետ քննարկվել է մի շարք ոլորտներում սերտ համագործակցության հարցը: Որոշվել է մշակել ռազմավարություն, որը կխթանի Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը: Նախարարը նշեց, որ պետք է զարգացնել նաեւ բժշկության այն ուղղությունները, որոնք պահանջված են Հայաստանի բնակիչների կողմից: Ըստ նրա, դրանցից են ուռուցքաբանությունն ու սրտաբանությունը, որոնք մոտ ապագայում կլինեն ամենապահանջված ոլորտները:

«Մենք քննարկում ենք շատ արդիական և առաջնահերթ հարցեր ոչ միայն այսպիսի համաժողովների ընթացքում, այլ նաև տարբեր այլ հարթակներում, ինչպես նաև մեր ամենօրյա աշխատանքում: Այդպիսի խնդիրներից են ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ մեզ համար առաջնահերթություն է առողջ կյանքի համար պայմանների ձևավորումը: Հայ-ռուսական առողջապահական համաժողովի օրակարգում անդրադառնալու ենք ԵԱՏՄ-ում միասնական դեղային քաղաքականության հարցին»,- իր հերթին ասաց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

 

Ռուս նախարարն ասաց, որ ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի աշխատանքային միգրանտները կարող են բժշկական ապահովագրություն ստանալ Ռուսաստանում։ Այսօրվա դրությամբ միջազգային համաձայնագրերի շրջանակում այլ երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ տարածքում են աշխատում, կարող են անվճար շտապ բուժօգնություն եւ արտակարգ բժշկական ծառայություններ ստանալ, այդ թվում՝ շտապ վիրահատություններ եւ ծննդալուծում։ «Պարտադիր բժշկական ապահովագրությունը յուրաքանչյուր աշխատանքային միգրանտի հնարավորություն կտա անվճար օգտվել բժշկական օգնության ամբողջ ծավալից, ինչպես ՌԴ ցանկացած քաղաքացի պարտադիր բժշկական ապահովագրության բազային ծրագրի շրջանակում»,- ասաց նախարարը։ Ապահովագրությունը միգրանտների համար ձեռք է բերելու գործատուն։

Անդրադառնալով ծխելու դեմ պայքարին, Վերոնիկա Սկվորցովան ասաց, թե ծխախոտի ակցիզների փուլային մեծացումը ծխախոտի դեմ պայքարի հայեցակարգի ամենաարդյունավետ միջոցներից է։ Որքան բարձր է ակցիզը, այնքան արդյունավետ է ծխելու դեմ պայքարը։ Ակցիզների աստիճանական մեծացումը նախատեսված է ծխախոտի դեմ պայքարի հայեցակարգով, եւ ակցիզի բարձրացման գիծը շուտով կներկայացվի Եվրասիական տնտեսական խորհրդին եւ կքննարկվի ԵՏՄ այլ երկրների ներկայացուցիչների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ