18  09  2018

Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան: Այս մասին, սեպտեմբերի 17-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի  ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։

Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, և ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաեւ պահածոներ, որոնք իրացվում են թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ