07  09  2018

Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղնախարարության սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան

Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղնախարարության սահմաններից դուրս է․ Արթուր Խաչատրյան

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն Արմավիրում խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպումից հետո հարցի վերաբերյալ զեկուցել է վարչապետին: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց, որ գյուղացիները 7 տարվա երկարաժամկետ պայմանագիր ունեն, որում նվազագույն գինը նշված է 130 դրամ:

Պատասխանելով այն հարցին, թե այս պահին ինչ գնով է հնարավոր մթերման համար խաղող վաճառել, նախարարը պատասխանեց, որ պետությունը ձեռնպահ է մնում մթերողներին որևէ գին թելադրելուց: «Որևէ մեկը չի կարող այս հարցին պատասխանել: Պետությունը ձեռնպահ է մնում մթերողին որևէ գին թելադրելուց, քանի որ բանակցային կարողությունները խաղող մշակողների և մթերողների միջև անհամաչափ են, և չկա հատուկ օղակ: Մենք փորձում ենք գնորդին ու վաճառողին օգնել, որպեսզի շուկան ընդհանուր` բոլորի կողմից ընդունելի գին ձևավորի»,- պարզաբանեց նա:

Գյուղմթերքի թանկացումների հարցին անդրադառնալով՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրենց համար ուղենիշայինը Հովտաշատի մեծածախ շուկայի գներն են: «Թե մանրածախ շուկայում գներն ինչ մետամորֆոզ են ապրում, դա գյուղատնտեսության նախարարության սահմաններից դուրս է: Ընդհանրապես, գնային քաղաքականությունը գյուղնախարարության լիազորություններից դուրս է, դա այլ հարթակում քննարկելու խնդիր է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ձևավորված է  որոշակի գին, և այն գյուղացիները, ովքեր վաճառք են իրականացնում, բնականաբար, այդ ուղենիշային գնով են առաջնորդվում:

Նվազ բերքի մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Եղել է. 2 հիմնական մշակաբույս կա, որոնց քանակը պակասել է, հիմնականը լոլիկն է: Կարծիք կա, որ եղանակն է պատճառը եղել: Ձմերուկի հետ էլ խնդիր կար, բայց այն կարգավորվել է, հիմա ձմերուկի միջին գնից շեղում չկա: Հիմնական հարվածը եղել է լոլիկի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ