10  10  2017

Մկնանման կրծողները շատացել են

Մկնանման կրծողները շատացել են

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Գյուղնախարարությունը հայտնում է, որ հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր:

Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել են անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

«Լրացուցիչ հարցերի դեպքում հողօգտագործողները կարող են դիմել  Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների մասնագետներին և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ագրոնոմներին:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաեւ 2018 թվականին` գարնանային պայքարի միջոցառումներ կազմակերպելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ