03  11  2019

Իմքայլականն աջակցում է «սատանիստական» որակված սկանդալային ներկայացմանը․News.am

Իմքայլականն աջակցում է «սատանիստական» որակված սկանդալային ներկայացմանը․News.am

News.am-ը գրում է․ «Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը` անդրադառնալով երեկ  Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում տեղի ունեցած աղմկահարույց «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը:

Նշենք, որ Հասմիկ Խաչունցը ներկայացման մասնակիցների թվում էր:

«Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության մասին: Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ ներկայացումը կապ չունի, եւ շատ կարեւոր է նշել, որ ժամանակակից արվեստ է կատարվում, որն անսովոր է, պետք է մարդկանց ճիշտ բացատրել: Ես բացարձակ նեղացած չեմ մարդկանցից: Միջոցառումը ֆինանսավորված է եղել Կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից, այնպես որ պետական աջակցություն կա եւ այնտեղ հասկացել են` ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:

Անդրադառնալով որպես քաղաքական գործիչ` ներկայացմանը մասնակցելու համար իրեն ուղղված քննադատություններին, Խաչունցն ասաց, որ պետք է դուրս գալ կոստյումով ու գեր տղամարդ քաղաքական գործիչների մասին պատկերացումներից եւ ինքն իրեն ավելի հասարակական գործիչ է համարում, քան քաղաքական. «Տիպացնելով քաղաքական գործչի կերպարը, մենք հեռանում ենք հեղափոխության արժեքներից, որովհետեւ մենք ենք արել հեղափոխությունը եւ մենք նաեւ պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան եւ պատասխանատու է ապագայի համար»:

Նա նշեց, որ ընկերական շրջապատում այս ներկայացման վերաբերյալ քննարկում եղել է, սակայն հիմնականում դրական կարծիքներ են հնչել:

Խաչունցը հավելեց, որ մինչեւ ներկայկացումը իրենց փորձն էլ են տապալել, սակայն իրենք որոշել են, որ անպայման ներկայացումը տեղի է ունենալու:

Նշենք, որ երերկվա ներկայացումը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում, շատերն այն անվանում էին սատանիստական։

Խաչունցը շեշտեց, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը եւ այս միջադեպն իրեն չի խանգարելու:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ուԶանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ