16 02 2024

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի V-VI դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան - 2» հանգստյան տան ճաշարանի պատին գտնվող «Աստղիկի ծնունդը» խճանկար և նույն մարզի Վարդաձոր գյուղի Ք.ա. II-I հազ. դամբարանադաշտ և ժայռապատկեր (Ք.ա. II-I հազ.) պատմամշակութային օբյեկտները։

Երևան քաղաքի Սիմեոն Երևանցու 67/1 հասցեում գտնվող բնակելի տուն (XIX դ. վերջ-XX դ. սկիզբ), Կենտրոն վարչական շրջանի (Վ․ Սարգսյան փող., 7 շենք) Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենք (1991 թ․) և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հնձան (XIII դ․) օբյեկտներին տրվել է տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի V դարի Ծիրանավոր եկեղեցի, XIII դարի Սպիտակավոր եկեղեցի, XIX դ. վերջի բնակելի տուն՝ Ալազանի փողոց 19-23 (պետ․ ցուցիչ՝ 2.1.16, 2.1.19, 2.1.4), Արագածոտնի մարզի VII-XIX դդ. Դաշտադեմ գյուղի ամրոց, VII-XVIII դարերի գյուղատեղի քաղենի, VII դ. Սբ Քրիստափոր եկեղեցի (պետ․ ցուցիչ՝ 2.35.1-2.35.1.3, 2.35.8-2.35.8.17, 2.35.10-2.35.10.3), Տավուշի մարզի Աչաջուր գյուղի X-XIII դարերի Մակարավանք վանական համալիր (պետ․ ցուցիչ՝ 10.13.6.3) և 36 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:

Ըստ սահմանված կարգի՝ վերջիններս կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ