09 11 2018

Սկզբում չեն աջակցել, որովհետև ուշ էր, հետո էլ չեն աջակցել, որ սխալ չլինի

Սկզբում չեն աջակցել, որովհետև ուշ էր, հետո էլ չեն աջակցել, որ սխալ չլինի

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է տարածել Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի վերաբերյալ:

«Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք:

Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ։

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով:

Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր: Առիթն օգտագործելով խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ»:

Լիլիթ Մակունցը հերքում է պնդումը, թե արգելված է նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որևէ զանգ չի ստացել:

Բանն այն է, որ ամիսներ առաջ նա «Սայաթ-Նովա»անսամբլով պետք է մեկներ  Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու և դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ և վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»:

«Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբևէ բացառած հանգամանք է»,- նշեց Պողոսյանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ