04  09  2018

Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը խախտումների ծավալով աննախադեպ է․ հայտարարություն

Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը խախտումների ծավալով աննախադեպ է․ հայտարարություն

Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան հրապարակել է հայտարարություն, որում անվստահություն է հայտնում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ձևավորված Ֆիլմերի ֆինանսավորման Պետական Հանձնախմբի աշխատանքներին՝ վկայակոչելով հանձնախմբի ձևավորման, գործունեության և մրցույթի անկացման ընթացքում Կանոնակարգի բազմաթիվ խախտումների առկայությանը։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Բազմաթիվ հետաձգումներից, հանձնախմբի աշխատանքներին չմասնակցելու որոշումներից, հաստատված կազմի անդամների ինքնաբացարկներից և վերանշակումներից հետո, վերջապես հրապարակվել է ՀՀ մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով ստեղծված պետական հանձնաժողովի կազմը։

Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայացուցիչները, հնարավորությունների սահմաններում հետևել են մրցույթի կազմակերպման ընթացքին և խորը մտահոգությամբ արձանագրում են, որ մրցույթը չի համապատասխանում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների ոգուն, չի արտահայտում կինոյի կառավարման բարեփոխումների պահանջները և հակասություններ ունի մրցույթի անցկացման կանոնակարգի դրույթների հետ։

Նոր Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը իր թափթփվածությամբ, հանձնաժողովի մասնագիտական նշաձողի անկման աստիճանով, ստվերայնությամբ, հանձնաժողովի կազմը ձեւավորելու ընտրականությամբ, վերադաս կառույցի՝ մշակույթի նախարարության կողմից միջամտությունների և կանոնակարգի խախտումների ծավալով ԱՆՆԱԽԱԴԵՊ է ազգային կինոկենտրոնի 12 տարվա պատմության մեջ։

Հանձնաժողովի կազմը ձևավորվել է կինոարտադրող ընկերությունների առաջարկների լիակատար անտեսմամբ՝ մշակույթի նախարարության և նրա ընտրած հինգ կառույցների կողմից, որոնցից՝ կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, Ազգային կինոակադեմիայի ներկայացուցիչը դուրս է եկել հանձնաժողովից, իսկ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախապես ներկայացված հանձնաժողովի անդամի ստորագրությունը բացակայում է։

Ինքնաբացարկների արդյունքում ֆիլմերի ֆինանսավորման պատասխանատվությունը ստանձնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և երկու հասարակական նախաձեռնություններ․

  •  Անկախ կինոգործիչներ ակումբ,
  • Երիտասարդական կինոալիք նախաձեռնություն։

Կանոնակարգով հաստատված հանձնախմբի 7 անձի փոխարեն 6 մասնագետներից կազմված այս հանձնաժողովը կոտրել է մասնագիտական կինոհանձնախմբի մասին հայտնի բոլոր պատկերացումները։ Հանձնախմբում ընդգրկվել են ֆիլմարտադրության հետ գործնականում կապ չունեցող ՀՀ մշակույթի նախարարության երկու աշխատակիցներ, եւ վերոնշյալ երկու նախաձեռնությունների կողմից առաջադրված ռեժիսորներ եւ պրոդյուսերներ, որոնց կենսագրությունը, ֆիլմոգրաֆիան՝ հիմնականում կարճամետրաժ, հեռուստատեսային եւ ոչ խաղարկային ֆիլմերը, այդ ֆիլմերի հաջողությունները միջազգային կինոփառատոներում կամ կինոշուկաներում, հիմքեր չեն տալիս փաստելու, որ նրանք համապատասխանում են Պետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու չափորոշիչներին։

Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիան դիմում է մրցույթի մասնակից կինոգործիչներին, լրագրողներին, կինոյի խնդիրներով մտահոգ բոլոր մարդկանց․ եթե տեղեկացված եք Հանձնաժողովի անդամների մասնագիտական հաջողություններին, եթե ձեր ձեռքի տակ կան փաստեր, որոնք կարող են համալրել արդեն իսկ առկա խախտումների ցանկը, խնդրում ենք այդ տեղեկությունները ուղարկել Ֆիլմ Արտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին, կամ ֆեդերացիայի անդամների անձնական էջերին։

Ֆեդերացիան ամփոփելու է մրցույթի ընթացքն ու արդյունքները՝ մշակույթի նախարար Լ․ Մակունցից պարզաբանումներ պահանջելու, և բավարար հիմքերի առկայության դեպքում՝ մրցույթի լեգիտիմությունը բողոքարկելու համար։ Հայտարարությունը ընդունվել է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ