29  01  2018

«Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողները

«Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողները

Հունվարի 28-ին Նյու Յորքում կայացել է ամենամյա երաժշտական «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը: 2003-ից ի վեր, սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս: «Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic-ը։

Ալբոմը հաղթել է նաև «Տարվա ձայնագրություն» և լավագույն պրոդյուսերությամբ ալբոմ անվանակարգերում: Իսկ Բրունո Մարսը մրցանակներ է տարել նաև Best R&B Album և «Տարվա երգ» անվանակարգերում: Վերջինի մրցանակը That’s What I Like երգի համար է: Այս երգը պարգևատրվել է նաև Best R&B Song և  Best R&B Performance անվանակարգերում։

Լավագույն փոփ կոմպոզիցիայի և նաև  «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգերում մրցանակներ է տարել Էդ Շիրանի Shape of You երգը։

Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին: Լամարի Humble երգի տեսահոլովակը ևս լավագույնն է ճանաչվել։

«Լավագույն ռեփ/փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Ռիհանայի և Քենդրիք Լամարի Loyalty դուետը:

Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»՝ «Լավագույն լատինական փոփ ալբոմ» անվանակարգում։

Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move (Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։

«Լավագույն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչվել Kraftwerk-ի 3-D The Catalogue-ը:

Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հետմահու մրցանակի է արժանացել Լեոնարդ Քոհենը (You Want It Darker):

«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:

Մրցանակաբաշխության ամենամեծ անհաջողակը համարվում է ռեփեր Ջեյ Զին, որն 8 անվանակարգում ներկայացված լինելով՝ որևէ մրցանակի չի արժանացել:

Մրցանակի չեն արժանացել նաև երկու հայ հավակնորդները. «Լավագույն  ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված էր Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությամբ: Հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը:

 «Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված էին Դմիտրի Խվորոստովսկին ու Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift): Հաղթել է Բարբարա Հանիգանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ