Հղի կին է մահացել Ձեր շարասյան կողմից, ոչ բարոյական ոչ քաղաքական պատասխանատվություն ոչ ոք չի ենթարկվել: Այս մասին ԱԺ-ում խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի գործի մասին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Փաշինյանին:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Մի կողմից ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի…Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունե՞ք, որ ես միջամտություն եմ արել գործին: Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինի»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, թե «մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»:
Վարչապետը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին, ասաց՝ պատգամավորի՝ այս թեմայով «հարցը իրեն ուղղված չէ»:
Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 26-ին հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից: Տուժող կողմը պնդում է, թե դատարանում այս գործի քննությունը ձգձգվում է, որ վաղեմության ժամկետն անցնի: