ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքներն օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով, այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ նամակներ են հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։
Նամակներում, մասնավորապես, շեշտվում է․
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։
Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։