ՔՊ-ական պաշտոնյաների ասած ու արած ոչ մի բանի վրա ես սովորել եմ չզարմանալ։ Գործի բերումով՝ կարծես գիտեմ նրանցից յուրաքանչյուրի մտավոր կարողությունները։ Եղել են գործիչներ, որոնց՝ ՔՊ մտնելուց զարմացել եմ, բայց արդեն որպես ՔՊ-ական նրանց գործունեությունից չեմ զարմացել, որովհետև եթե մտել են ՔՊ, հատկապես պատերազմից հետո, պաշտոն են վերցրել, կարծում եմ նման մարդիկ ամեն ինչի ընդունակ են։ Ես զարմանում եմ, սակայն, երբ չեն դադարում մարդկանց հիմարի տեղ դնելը։ Անգամ դժվարանում եմ ասել՝ մարդկա՞նց են հիմարի տեղ դնում, թե՞ իրենց։
Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրություն է գրում, եթե հասցնի՝ հանրաքվե կանի։ Ցանկացած մեկին որ հարցնես ինչու են նոր սահմանադրություն ուզում ընդունել, կպատասխանի՝ որովհետև Ալիևն է պահանջել։ Ընդ որում, ոչ միայն պահանջել է, այլև կոնկրետ նշել է, թե ինչը պետք է դուրս գա գործող սահմանադրությունից՝ սկսած անկախության հռչակագրից։ Նիկոլենք համաձայնել են։ Իհարկե՝ սկզբում ասել են՝ դա մեր ներքին գործն է, հետո ասել են՝ դա Ալիևի պահանջով չենք փոխում, մենք մեկ է՝ պետք է փոխեինք, հետո եղավ ՔՊ-ական պաշտոնյա, որ ասաց՝ եթե դա կբերի խաղաղության, կողմ եմ, թեկուզ Ալիևի պահանջով։ 2024թ․ փետրվարին Ալիևը եույթով պահանջել է փոխել սահմանադրությունը ու ամենամսյա կտրվածքով պահանջը թարմացրել է, նույն տարվա հուլիսից Փաշինյանը խոսում է նոր սահմանադրության մասին։ Հիմա մի ՔՊ-ականի՝ Արման Եղոյան անուն ազգանունով, որը պատգամավոր է, հարցնում են Ադրբեջանի այդ պահանջի մասին, պատասխանում է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը համարում եմ սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ։ Հայաստանը սահմանադրություն է փոխում Բաքվի պահանջով, ու ՔՊ-ականն ասում է՝ Բաքուն փորձում է խոչընդոտել սամանադրության փոփոխությանը։
Այս մարդիկ ամեն ինչ անում են Ադրբեջանի ևս մեկ պահանջ կատարելու համար ու հիմա իրենց խելքով ուզում են տպավորություն ստեղծել, թե դա իբր անում են Ալիևին ինադու։ Ալիևի պահանջը կատարում են Ալիևի ինադու։ Էդպես է ստացվում։ Խաբար չէինք։ Նիկոլը ինչոր բան ա ուզում անի, չէ Պուտինի չէ, հայ ժողովրդի էլ չէ, իրեն ձայն տված հարիֆների էլ չէ, Ալիևի ինադու։ Ոնցոր անեկդոտ լինի չէ։ Ուրեմն, Նիկոլը, մի օր Ալիևի ինդու․․․ չէ՞, արդեն խնդալու է։
Մի հատ ֆայլ ունեմ, ձեզ պատմել եմ, անունը կոչվում է «բլթ», այնտեղ հավաքում եմ բոլոր մտքերը, որոնք կարծում եմ՝ հիմարություն են։ Եղոյանի այս ասածը ավելացնում էի այդ բաժնում, մեկ էլ թերթեցի ու հիշեցի, որ 85 էջ ՔՊ-ականների մտքի նմանատիպ գոհարներն են։ Վերջինը Փաշինյանի ասածն է, թե եթե ձեր տան գույքահարկը թանկացել է, ուրախացեք, որովհետև ձեր տան գինն է բարձրացել։
Երեկվա մյուս իրադարձությունը ևս զավեշտի ժանրից էր։ Մի Արման Եղոյան էլ դահլիճում էր կատարվում․ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստն էր, որին մասնակցում էին եվրոպական տարբեր մայրաքաղաքներից պաշտոնյաները ու Հայաստանից պատգամավորներ: Ամբողջ նիստի ժամանակ, իմ տպավորությամբ, ծաղրում էին Հայաստանին։ Հայաստանը սարքել էին մի քանի ամուսին ունեցող անհավատարիմ կին։ Էն մի եվրոպացի պատգամավորն ասում էր՝ չենք կարող խոստանալ, որ ձեզ հետ կամուսնանանք առանց ժամադրությունների։ Ըստ երևույթին, ասում էր, թե էնպես չէ, որ դիմում գրեցիք ու կմտնեք Եվրամիություն, դեռ էնքան բաներ պետք է անենք, քանի ժամադրություն կա։ Էն մյուս եվրոպացին Հայաստանի արտգործնախարարի տեղակալին հարցնում է՝ «ՌԴ-ի հետ ձեր «ամուսնությունը» սիրո՞ վրա է հիմնված»։ Հարցնում են՝ «Ո՞րն է ձեր «ամուսնության» կարգավիճակը Ռուսաստանի հետ: Դուք արդեն ամուսնացած կնոջ եք մոտեցել, այսինքն՝ մենք ԵԱՏՄ-ի հետ ամուսիններ ենք։ Ասում են առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել: Այսիքն՝ ԵԱՏՄ-ից քանի դուրս չեք եկել, ոչ մի ԵՄ։ Ստացա տպավորություն, թե իրենց համար Հայաստանը անհավատարիմ կին է, որը ձեռքից ձեռք է անցնում, ինչ-որ շահի համար։ Ու ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որը իր ոլորտից ինչ հարց տալիս են, սովորաբար նորմալ չի պատասխանում, էս ծաղրին կոպիտ արձագանքելու փոխարեն ասում է՝ «Մենք մեր բոլոր բարեկամ երկրների հետ ենք ամուսնացած և վերջին ժամանակներում տարբեր տեսակի հարաբերություններ կան»: Մեկի հետ հավատարիմ ենք, մեկի հետ անհավատարիմ ենք։ Մի դեպքում ամուսինն է թողել գնացել ուրիշի հետ է ընկերություն անում։ Սրա ֆոնին դժվար է խոսելը միջոցառման ժամանակ տեղի ունեցած լուրջ ելույթների մասին, որոնք իրականում կային, ու ոչ ՔՊ-ականների շրջանում։
Լևոն Քոչարյանը, օրինակ, երեք րոպեանոց ելույթում նախ խոսեց Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը սխալ ներկայացնելու մասին, ժողովրդավարական իմիտացիայի, խեղաթյուրման մասին, քաղաքական բռնաճնշումների ու դատական գործերի մասին։ Այնուհետև խոսեց արցախցիների վերադարձի մասին, գերիների վերադարձի մասին, հայկական մշակութային ժառնգության մասին, որը ոչնչացնում է Ադրբեջանը օկուպացրած Արցախում։ Լևոն Քոչարյանը Եվրամիությանը կոչ արեց վերջապես խոսքից անցնել գործի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու ջանքեր գործադրել բռնի տեղահանվածների վերադարձի, գերիների ազատման համար։ Գիտե՞ք, ուրիշ ժամանակ սովորական ելույթ կդիտվեր Լևոն Քոչարյանի ելույթը, բայց նիկոլական իշխանության պայմաններում իրադարձություն էր, երբ պատգամավորը բարձրաձայնում է այս կարևոր խնդիրները՝ եվրոպացիքին հասկանալի, անգլերեն լեզվով, երբ իշխանությունը լրիվ այլ բաներ է ներկայացնում։ Կրկնում եմ, ուրիշ ժամանակ դա շատ սովորական կլիներ, բայց այս իշխանության պարագայում սա իրադարձություն էր։
Երեկ տեղի ունեցած ևս մեկ իրադարձության մասին եմ ուզում խոսել՝ հայտնի դարձավ, որ Բաքուն ուղարկել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխանը։ Սա, կարծեմ, 12-րդ խմբագրությունն է։ Մենք այդպես էլ չիմացանք ու դժվար էլ իմանանք՝ ինչ էր առաջարկել Հայաստանը ու ինչ է պատասխանել Ադրբեջանը։ Հայկական կողմի առաջարկներից սովորաբար տեղյակ չենք լինում, բայց իմանում ենք, որ Ադրբեջանն արձագանքում է՝ դրանք անտրամանբանական են։
Այս գործընթացը գնում է ժողովրդից խիստ թաքուն։ Եթե ամեն ինչ արվում է էդ կարգի գաղտնի ու թաքուն, ուրեմն կասկածներ կան, որ դրանք պարունակում են մեր մասին վտանգավոր կետեր։ Հիշո՞ւմ եք, «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ էին տվել ծանոթանալ, բայց չբարձրաձայնել, ծանոթանալուց հետո ասացին որ դրանք անընդունելի են, ու այդ փաստաթուղթը գաղտնի պահվեց նաև նրանցից։ Հիմա դատարանով են փորձում ստանալ թույլտվություն։ Ասեմ, որ դա դեռ առաջին խմբագրություններից էր, իսկ հիմա 12-րդ խմբագրությունն է, այսինքն նորանոր պահանջներ են այդտեղ տեղ գտել։
Լավ, ժողովուրդ ջան, ի վերջո, ե՞րբ ենք իմանալու, մինչև նոր հանձնումները իմանալո՞ւ ենք, թե ինչ թղթեր են տանում-բերում, ինչ է դրանց մեջ գրված, ինչ է Հայաստանը պարտավորվում անել։ Կարող է դրա մեջ կա Զանգեզուրի միջանց կամ որևէ նման տրամաբանությամբ կետ, որը Ալիևը կանվանի միջանցք, Փաշինյանը՝ ճանապարհ։ Գուցե այնտեղ կա Սյունիքը կտրելու մասին։ Գուցե այնտեղ կա պահանջ, որ Հայաստանը հրաժարվի հայցերից Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Հայաստանը չեմ հիշում վերջին անգամ երբ է հայց ներկայացրել միջազգային դատարան Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը վերջերս։ Գուցե այնտեղ կա պահանջ, որ Հայաստանը այլևս չզինվի, չունենա բանակ ու ռազմական բյուջե և վստահաբար Փաշինյանը լափշաների պարկ առնելու է ու բացատրի, բա որ բանակ ունենանք ուրեմն մի օր պատերազմելու ենք, իսկ մենք չենք ուզում պատերազմ, ավելի լավ ա բանակ չունենանք․․․ և այսպես։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը թելադրանքով գործընթաց է տանում, որը խաղաղության հետ ոչ մի կապ չի ունենալու։ Մենք գիտենք, որ գործընթացը շատ վատ արդյունքի է բերում, գիտենք, որ սրանք լավ բանի ընդունակ չեն, ինչ-որ ծանր վերջ է ունենալու։ Սրանք ինչպիսին որ իրենք են, էնպիսին էլ սարքել են պետությունը՝ անտրամաբանական, անհավատարիմ, անիմաստ, ծաղրի առարկա։
Սևակ Հակոբյան