Եթե Ադրբեջանն այլևս պահանջներ չունի Հայաստանից, ինչո՞ւ Ալիևը չի ստորագրում այդքան գովազդած պայմանագիրը․ Մուրազի

4 Մայիսի, 2026

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանին Հայաստանի գրեթե բոլոր շահերը զիջած ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ձևավորել այնպիսի տպավորություն, թե խաղաղության գործընթացը հասել է վերջնական հանգրվանի։ Ընդ որում, հանրությանը ներկայացվում է, թե Ադրբեջանը այլևս պահանջներ չունի Հայաստանից։
Սակայն պարզ հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ինչու է Իլհամ Ալիևը չի ստորագրում այդքան գովազդված, նախաստորագրված պայմանագիրը։
Պատասխանը ակնհայտ է։ Չի ստորագրում, քանի որ դեռ կան պայմաններ, որոնց կատարումը, ըստ էության, սկսել է ապահովել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Այս պահին հրապարակային առկա են երկու հիմնական պահանջ՝
• ՀՀ Սահմանադրության փոփոխություն Ադրբեջանի պատկերացումների շրջանակում,
• մոտ 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարածքում։
Առաջին պահանջի մասով Հայաստանի իշխանությունները արդեն իսկ պարտավորություններ են ստանձնել։ Հայտարարվել է, որ Սահմանադրության նոր տեքստում չի լինելու հղում Հայաստանի անկախության հռչակագրին։ Սահմանադրության տեքստը հրապարակված չէ, բայց արդեն պատրաստ է։ Սահմանադրության փոփոխությունը խոստանում են իրականացնել ԱԺ ընտրություններից հետո։
Միևնույն ժամանակ, իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, թե սա Ադրբեջանի պահանջի կատարում չէ, այլ սեփական որոշում է։ Այսինքն՝ իրականացվում է պահանջ, բայց ներկայացվում է որպես ինքնուրույն քայլ։
Երկրորդ պահանջի կատարումն էլ, ըստ էության, թողնվել է ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածին։ Պատճառը պարզ է՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Այդ պատճառով իշխանությունները հրապարակային փորձում են հերքել նման պահանջի գոյությունը։
Եթե հաջողվի վերարտադրվել, ապա հայ ժողովրդին կկանգնեցնեն փաստի առաջ՝ կամ ընդունում ենք ադրբեջանցիներին, կամ պատերազմ է սկսվում։ Նախկինում այս տակտիկան օգտագործվել է․ Կիրանցի հատվածում զիջումները դրա վառ օրինակն են։
Այսինքն՝ այն, ինչ երեկ հերքվում էր, այսօր արդեն իրականացվում է։
Այս ֆոնին ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որը դուրս եկավ բոլոր սահմաններից։
Նա պնդեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունից հետո Ադրբեջանը այլևս չի բարձրացրել «վերադարձի» թեման․«Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, տեսեք, դա աբսուրդ է։ Նման խոսակցություն ժամանակին բացել է հարևան երկրի ղեկավարը հայելային առումով, երբ մեր քաղաքական գործիչները, մեր ներկայացուցիչները սկսեցին խոսել Ղարաբաղ վերադարձի մասին։ Օգոստոսի 8-ից հետո նման խոսակցություններ չկան։ Բոլոր խոսակցությունները դրանք հայելային արձագանք են ունեցել Ադրբեջանում։ Ես հիմա դժվարանում եմ դրանց մասին խոսել, որովհետև դրանք արդեն անցյալում են։ Օգոստոսի 8-ից հետո մեր խոսակցությունները միայն ապագայի, սահմանների բացման, առևտրի և նման բաների մասին են»։
Երբ պաշտոնական Երևանը ասում է «թեմա չկա», Բաքուն արդեն այդ թեմայով քաղաքականություն է կառուցում։
Այս հայտարարությունը կամ նշանակում է, որ Ալեն Սիմոնյանը գիտակցաբար խեղաթյուրում է իրականությունը, կամ՝ զբաղեցնելով ԱԺ նախագահի պաշտոնը, պարզապես տեղյակ չէ, թե Ադրբեջանում ինչ է կատարվում ամենաբարձր մակարդակով։
Մինչդեռ Ադրբեջանում Հայաստան ադրբեջանցիների բնակեցման հարցը բարձրաձայնվում է հենց այդ մակարդակում։
Օգոստոսի 8-ից գրեթե չորս ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, Բաքվում կայացած «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ճանապարհ» III միջազգային համաժողովի մասնակիցներին Իլհամ Ալիևը դիմել է հատուկ ուղերձով։
Նա մասնավորապես հայտարարել է․«Հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը, և մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ։
Մաղթում եմ հաջողություններ այս ավանդական միջազգային համաժողովի աշխատանքներին, որը արդեն դարձել է միջազգային հարթակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ իմ վստահությունը, որ առաջիկա քննարկումները կնպաստեն մշակութային ժառանգության պաշտպանությանը և վերադարձի իրավունքի ընկալմանը, մեր հայրենակիցների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձին հայրենի հողեր, և կարևոր քայլ կդառնան հաշտեցման և խաղաղության ճանապարհին»։
Սա պարզապես խոսք չէ․ սա ապագա պահանջի նախապատրաստում է։
Այսինքն՝ օգոստոսի 8-ից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խոսել վերադարձի իրավունքի մասին, այլև Հայաստանի սուվերեն տարածքի մաս կազմող բնակավայրերը, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիներ, անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։
Սա արդեն պարզապես հումանիտար հարց չէ։ Սա քաղաքական և գաղափարական նարատիվ է, որի մասին, ինչպես տեսնում ենք, խոսվում է ամենաբարձր մակարդակում։
Ավելին, հենց Ալեն Սիմոնյանի հարցազրույցի օրը Ադրբեջանում տեղի է ունեցել միջազգային քննարկում՝ նվիրված այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։
Այդ քննարկման հիմնական բանախոսներն են եղել՝
• Ադրբեջանի Միլի Մեջլիսի անդամներ Ռիզվան Նաբիևը և Մալահատ Հասանովան,
• Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին նախագահ Սահակաշվիլիի թիմակից Գիգի Ծերեթելին,
• Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Էրդողանի կուսակից Զեյնեփ Յըլդըզը,
• ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքի Օբերն համալսարանի քաղաքագիտության և միջազգային քաղաքականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր և թոշակառու գեներալ Հայաթ Ալվին,
• Ավստրիայի Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատանքի և եվրոպական իրավունքի ինստիտուտի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Եգան Մասիմովան,
• ինչպես նաև ՄԱԿ-ի գլոբալ ծրագրերի խորհրդատու և հրապարակախոս Էլիֆ Սելչուկը։
Սա արդեն մեկ երկրի ներսում քննարկվող թեմա չէ․ սա միջազգային օրակարգի վերածվող հարց է։
Այսինքն՝ թեման ոչ միայն չի փակվել, այլ դարձել է միջազգային հարթակներում համակարգված առաջ մղվող օրակարգ։
Ի դեպ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը բավական ակտիվ է և գտնվում է պետության անմիջական հովանու ներքո։ Սրանով է բացատրվում Ալիևի հատուկ ուղերձը, ինչպես նաև իրենց կազմակերպած կոնֆերանսների նման մակարդակի միջազգային մասնակցությունը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը զուր տեղը չէ նման ջանքեր ներդնում։ Սա աշխատանք է, որը հանդիսանում է պետական քաղաքականության շարունակություն։
Այո, նրանք խոսում են խաղաղության և Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, բայց նրանց հիմնական պնդումը մեկն է՝ խաղաղություն հնարավոր է, եթե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կարողանան բնակվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանում»։
Մինչդեռ Հայաստանում այս թեմայի շուրջ գրեթե չի խոսվում։
Հայ հանրությունը տեղեկացված չէ, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քննարկվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանի տարածքում։
Ավելին, իշխանությունները Ալեն Սիմոնյանի միջոցով պնդում են, թե օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում նման հարց գոյություն չունի, ինչը, ինչպես տեսանք, իրականությանը չի համապատասխանում։
Ոմանց կարող է թվալ, թե Ադրբեջանում այդ հարցի քննարկման մեջ վտանգավոր բան չկա՝ «ներքին լսարանի համար են խոսում», ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները։ Այս տեսակետի օգտին կարող է խոսել նաև այն, որ Հայաստանի իշխանությունները կտրուկ հերքում են նման օրակարգի գոյությունը։
Սակայն այս մոլորության մեջ գտնվողներին պետք է հիշեցնել, որ երբ Ալիևը 2020 թվականից խոսում էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, ՔՊ-ն՝ Փաշինյանի գլխավորությամբ, կտրականապես հերքում էր նման հնարավորությունը։ Երեք տարի անց Ալիևի պատկերացրած փոփոխությունը իրականացման ճանապարհին է։
Նույնը կարող է տեղի ունենալ նաև ադրբեջանցիների բնակեցման հարցում։
Հ․Գ․ Ի դեպ, Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում, ըստ էության, հաստատեց ընդդիմադիրների այն պնդումը, որ խաղաղությունը վերջնականապես հաստատված չէ և պատերազմը չի կարելի բացառել։ Սիմոնյանը նշեց, որ հայերի Արցախի վերադարձի և ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին խոսելը «պատերազմ ծնող» է։ Ինչպես արդեն տեսանք, Ալիևն ու Ադրբեջանը բավական ակտիվորեն խոսում են հենց այդ «պատերազմ ծնող» օրակարգի մասին։

Նմանատիպ նյութեր

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է: Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել...

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների սկանավորված քաղվածքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության...

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Կրեմլը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին՝ նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը ճեպազրույցի ժամանակ։...

Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան․ Իշխան Սաղաթելյան

  «Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Այս ամենից հետո նոր շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերի հետ քննարկելու ենք մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է...

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ժողովրդի ունեցվածքի գողությամբ հպարտանալը ամոթալի է. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի-ն խիստ քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունները, որոնցում վերջինս բացահայտ խոսել է իրանական ակտիվների առգրավման մասին։ Դիվանագետը համապատասխան գրառումը հրապարակել է սոցիալական ցանցում՝ կից...