Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթացների հիմքը բացառապես հանդիսանում է 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ տեսանյութը։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Աբսուրդը ի վերջո վերջ չունի, քանի որ նման իբրև հիմք դիտարկելով քրեական հետապնդում հարուցել ես, անկեղծորեն, չեմ տեսել։ Վստահ եմ նաև մեր հասարակության ստվար զանգվածը,ով գոնե նվազագույնը հետաքրքրություն ունենում է քրեական հետապնդումների վերաբերյալ, նման դեպքի մասին չի լսել։ Խոսքը գնում է անձի հայտնած կարծիքի մասին և դա որակվում է իբրև կոչ։ Ի դեպ, կոչը դա թե՛ իրավական եզրույթ է, թե՛ դրա բացատրական նշանակությունը գոյություն ունի։ Կոչը չի կարող լինել անձի հայտնած կարծիքը։ Առավել ևս կարծիք, որը վերաբերում է մտահոգությանը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ճնշումներին»,- նշել է նա։
Փաստաբանը նաև ավելացրել է․
«Եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներում, որը նաև հաստատել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, ընդգծել է, որ գործադիր իշխանությունը ցանկանա, թե ոչ, պետք է մաքսիմալ հանդուրժող լինի նույնիսկ վիրավորական, նույնիսկ ցնցող արտահայտություններին և խոսքերին։ Հիմա մենք դա տեսնո՞ւմ ենք։ Սա տիտանական աստիճանի ժողովրդավարական արժեքների տեսանկյունից խախտում է»։
Մանրամասն՝ տեսանյութում։