Ես կարծում եմ՝ վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը և ավելացնելու որևէ բան չունեմ։ Այդ մասին ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետի կողմից հոգևորականին հայհոյելը։
«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է։ Լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում, օրինակ, իմ նկատմամբ։
Բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել և կարծում եմ՝ ավելի քան պարզ է դիրքորոշումը։
Ես կարծում եմ, որ այն մեկնաբանությունները ու վարչապետի կողմից նաև հավելյալ գրառումները, որ արվեցին, ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»,- նշեց նա։
Մեկնաբանելով եկեղեցիների չուլանացված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը՝ Անդրեասյանն ասաց. «Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության, այդ թվում հանրային հոգատարության շատ լուրջ խնդիր։ Առաջին անգամ չեմ այդ մասին խոսում, այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում, թողնում է նման տպավորություն, և ես դրա համար ցավում եմ, ինչպես կարծում եմ, պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պիտի մեր կողքը նայենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։