Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Քաղաքագիտական երեսուն տարուց ավելի ձգվող դիսկուրս կա: Բանավեճի և գաղափարականացված տարբեր դիրքորոշումների կենտրոնում փլուզված երկբևեռ աշխարհակարգից հետո ձևավորված նոր միջազգային հարաբերությունների համակարգի բնութագրումն է:
Սկզբնական շրջանում առավել հաճախ կիրառվում էր «Միակենտրոն» աշխարհ ձևակերպումը հիմք ունենալով ԱՄՆ գերակա/թելադրող դերը և տնտեսա-քաղաքական ռեսուրսների բազմակի գերազանցությունը մյուս գլոբալ դերակատարների նկատմամբ:
90-ական թթ. վերջերից 2000-ական թթ. սկզբներից, կապված ՌԴ նոր քաղաքական կուրսի, Չինաստանի, ԵՄ-ի չորրորդ ընդարձակման, Ճապոնիայի և Հնդկաստանի հզորացման հետ, աշխարհակարգի բնութագրման համար սկսեց կիրառվել «Միաբևեռ աշխարհ, բազմաբևեռայնությամբ» հասկացությունը:
Սիրիական և Ուկրաինական ճգնաժամերը նոր փոփոխություներ և ճշգրտումներ մտցրին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ՌԴ կոշտ առճակատումը, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի հավասարակշռող միջազգային քաղաքական դիրքորոշումները վերջնականորեն փաստում են Միաբևեռայնության ավարտը:
«Բազմաբևեռայնություն»-ը ևս ամբողջականորեն չի կարող բնութագրել ներկա համակարգը: Իմ կարծիքով, Թրամփի ընտրվելը և ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերությունների նոր որակը և վերջին մի քանի տարում Չինաստանի տնտեսական տեխնոլոգիական թռիչքը հուշում են, որ սկսել է իրականություն դառնալ «եռակենտրոնությունը»: Եվ այս մտորումներով այսօր ստանում եմ առաջին ապացուցող տեղեկատվությունը՝ դիվանագիտական հեղափոխության մասին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ուկրաինական հարցով ԱՄՆ առաջարկած բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ, ՌԴ և Չինաստանի ներկայացուցիչները: Ամերիկյան բանաձևը չի պարունակում հակառուսական կամ այլ երկրի հանդեպ ոչ մի ագրեսիվ ձևակերպում:
Կանխատեսում եմ եռակողմ կոնսեսիուս նաև հետագա համաշխարհային գործընթացներում: Այս ընթացքում ով՞ ում ՞ ինչ կզիջի, ինչ՞ կկիսեն կամ կթողնեն հետագային, չեմ կարող ասել, չնայած որ շատ իրողություններ արդեն պարզ են:
Լավ է՞ թե՞ վատ Եռակենտրոնությունը: Ապագան ցույց կտա, եթե իհարկե այս գործընթացը շարունակվի: Ես անձամբ լավատես եմ, որովհետև այն հաստատ կբերի կայունություն, որովհետև ավտորիտար ռուսական և չինական վարչակարգերն ու պահպանողական ավանդապահության ոգով գործող Սպիտակ Տունը կարող են զսպել լիբերալիստ-գլոբալիստների խնջույքը, պատերազմների, էթնիկ զտումների և աննորմալ բարքերով խառնամբոխների շուրջպարը:
Կայուն աշխարհակարգը բխում է Հայաստանի շահերից»: