«Այսօր համախմբվել ենք այստեղ՝ ի պաշտպանություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի, որը վերջերս հայտնվեց անազատության մեջ»,- այս մասին հայտարարեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
«Կարծում եմ, բոլորդ կհամաձայնվեք ինձ հետ, որ Սամվել Կարապետյանի անունը երբևէ չի կապվել քաղաքականության կամ թե քաղաքական գործընթացների հետ։ Նրան մենք գիտենք որպես ազգային բարերարի, մարդու, որը տարիներ շարունակ հետևողական է եղել հայրենի տնտեսությունը զարգացնելու, նոր աշխատատեղեր հիմնելու գործում։ Ավելին, նրա կողմից ամեն ջանք ի գործ է դրվել ավելի լավ զարգացած, անվտանգ հայրենիք ունենալու համար։ Այս իմաստով, շատ ազնիվ հայորդիների նման, նա նույնպես լավ օրինակ է ծառայել մեր քույրերի և եղբայրների համար՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։
Մեծ է Սամվել Կարապետյանի ներդրումը նաև ռուսահայ համայնքի կյանքում մի շարք իմաստներով՝ ազգային, հոգևոր մշակութային, տնտեսական և այլն։ Թվարկվածներից յուրաքանչյուրի մասին կարելի է երկար խոսել, սակայն այսօրվա հավաքի երթի նպատակը այլ է։ Սիրելիներ, գիտենք նաև, որ Սամվել Կարապետյանը մշտապես իր օգտակարությունն է բերել հայ առաքելական եկեղեցուն։ Նրա շնորհիվ մի շարք եկեղեցիներ են կառուցվել և վերանորոգվել, մի շարք ազգանվեր և եկեղեցաշեն ծրագրեր են իրագործվել հայրենի մեր կյանքից ներս։
Ցավով ականատես ենք նաև, որ այս օրերին իշխանության կողմից մասնավորապես թիրախավորվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ողջ հոգևոր դասը, ներառյալ ամենայն Հայոց Հայրապետը, անգամ գործողություններ են ձեռնարկվել օրվա իշխանությունների կողմից հեռացնելու նորին սրբությանն իր օրինավոր գահից։ Վերստին հաստատում ենք, որ այս ամենը առաջին հերթին հակասահմանադրական է, հակասում է եկեղեցի-պետություն հարաբերության մասին օրենքին, խղճի ազատության օրենքին, ժողովրդավար պետություն ունենալու սկզբունքներին, և ամենակարևորը՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ հայոց եկեղեցու կանոնին։ Ինչևէ տպավորություն է, որ իշխանությունները չեն հրաժարվել և չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից»,- ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։