Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ նույնիսկ խիստ մտահոգիչ․ Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սա ոչ միայն ծիծաղելի չէ, այլ թերեւս նույնիսկ խիստ մտահոգիչ, երբ ըստ էության բավականին նկատելի նախընտրական տրամաբանության մեջ է «ներբեռնվում» նաեւ Կենտրոնական բանկը:
Մասնավորապես, ԿԲ-ն առաջարկում է բանկերին սառեցնել բոլոր այն վարկերը, որոնք քաղաքացիների անունով ձեւակերպվել են զեղծարարության հետեւանքով:
Թերեւս հասկացաք, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ քաղաքացուց կորզվել են տվյալներ եւ նրա անունով ձեւակերպվել վարկեր եւ յուրացվել փողեր: Բազմաթիվ քաղաքացիների բողոքում են բանկերին, եւ ստանում պատասխան, որ՝ մեղավորը դուք եք, պետք է ուշադիր լինեիք ձեր տվյալները ուրիշին չտալու համար:
Խոշոր հաշվով իհարկե զուտ այդ, կրկնեմ՝ զուտ այդ ձեւակերպումը իրավացի է: Բայց, մենք չենք կարող իրավիճակը գնահատել զուտ մի ձեւակերպումով: Որովհետեւ, ի վերջո, տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ եւ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ կարողանում են դրանց հետեւից հասնել իրենց տեխնոլոգիական գրագիտությամբ:
Այո, հարգելիներ, գուցե ձեզ համար այդ ամենը այլեւս այբբուբենին հավասար պարզություն ունի, բայց կան հազարավոր քաղաքացիներ, որոնք ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող են չկողմնորոշվել տեխնոլոգիաների, զանազան կոդերի աշխարհում:
Հետեւաբար, սրա համար է պետությունը, որպեսզի պահանջի տնտեսվարողներից քաղաքացիների հետ հարաբերության այնպիսի ստանդարտներ, որոնք կպաշտպանեն ընդհուպ տեխնոլոգիապես անգրագետ քաղաքացիներին:
Հիմա, ԿԲ-ն դիմում է եւ առաջարկում սառեցնել զեղծարարների կորզած վարկերը, որոնք քաղաքացիների անունով են անկախ նրանց կամքից:
Իհարկե, լավ առաջարկ է, եւ ինքս կողմ եմ, որ լինի այդպես, որ այդ մարդիկ կարողանան գիշերը քնել հանգիստ:
Բայց, ու՞ր էր մինչեւ հիմա ԿԲ-ն: Ինչու՞ հանկարծ այդ մեծահոգի քայլի մասին միտք հղացավ հիմա՝ դե ֆակտո նախընտրական տարում: Այն դեպքում, երբ խնդիրը առկկա է մի քանի տարի: Մի քանի տարի է տարբեր մասնագետներ, փաստաբաններ՝ որոնք զբաղվում են զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների խնդիրներով, տարբեր քաղաքացիներ, ահազանգում են այս կապակցությամբ, բայց ոչ մի սկզբունքային ու համակարգային պետական արձագանք:
Հիմա որոշել են սառեցնել եւ ուսումնասիրել խնդիրը, այն դեպքում, երբ այս ընթացքում նորանոր զոհեր են հայտնվել զեղծարարների թակարդում: Մինչդեռ, պետք էր խնդրին արձագանքել առաջին իսկ դեպքերից հետ, առաջին իսկ ահազանգից հետո, եւ դնել անվտանգության համակարգերը բարձրացնելու պահանջ՝ բոլոր բանկերի առաջ:
Առավել եւս, եթե կան տեխնոլոգիական գրագիտության «գուրուներ», պետք է որ հենց նրանց մտքով առաջինն անցներ, որ ժամանակակից թվային աշխարհը ստեղծում է այդպիսի ռիսկեր, հետեւաբար մարդկանց դեպի այդ աշխարհ մղելուն միտված որոշումներից բացի, կառավարությունները պարտավոր են զուգահեռ կայացնել այդ աշխարհում մարդկանց անվտանգությունն ու պաշտպանվածությունը բարձրացնող որոշումներ: Ընդ որում, հարցերով զբաղվել՝ չսպասելով նախընտրական ժամանակահատվածի: