Ապրիլի 9-ի գիշերը ՀՕՊ համակարգերը ռուսական շրջաններում որսացել են ուկրաինական 164 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հարձակումը տևել է 10 ժամ և ավարտվել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Կրասնոդարի երկրամասում` 67, Ռոստովի մարզում` 29, Հյուսիսային Օսիայում` 15: Հարձակման են ենթարկվել նաև Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Օրենբուրգի և Օրյոլի մարզերը, Ստավրոպոլի երկրամասը և բռնակցված Ղրիմը։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Վլադիկավկազի, Վոլգոգրադի և Գրոզնիի օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին սահմանափակումները հանվել ենն։ Այդ ընթացքում երեք ինքնաթիռ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ. մեկը Վլադիկավկազ, մեկը՝ Վոլգոգրադ և մեկը՝ Գրոզնի։
Իրենց հերթին Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնում են, որ ՌԴ զինված ուժերն ապրիլի լույս 9-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական Խարկովին և Դնեպրին։ Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ տուժածներ և ավերածություններ կան։
Մասնավորապես, Խարկովում «Շահեդ»-ների գրոհից հետո այրվում են պահեստներ և արտադրական օբյեկտներ, հայտնում է Ուկրաինայի փրկարար ծառայությունը։ Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ հարվածներ են հասցվել Օսնովյանսկի, Ինդուստրիալնի, Շևչենկովսկի և Կիևի շրջաններին։
Վնասվել են բնակելի, վարչական շենքեր, քաղաքացիական ձեռնարկություններ, բազմաթիվ մեքենաներ։ 65-ամյա մի տղամարդ գլխի բեկորային վնասվածք է ստացել։
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տեղեկացմամբ էլ՝ վիրավորների թիվը հասել է 15-ի, նրանք 18-ից 87 տարեկան են։ Ութ մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։
ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել նաև Կրամատորսկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորվել են 11-ամյա աղջիկ, նրա 34-ամյա մայրը և 55-ամյա մի կին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնում են, որ ՌԴ-ն հարձակվել է 55 ԱԹՍ-ներով, որոնցից 32-ը խոցվել է, 8-ը չի հասել նպատակակետին։ Հարձակման հետևանքով տուժել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանները։