ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ, որում չի ասվում ոչ մի խոսք Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ դեսպանին փոխանցված բացասական մտքերի, կամ դժգոհությունների մասին:
Փոխարենը՝ հանդիպումից որոշ ժամանակ անց, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով է հանդես եկել։
Խոսելով ներքաղաքական իրավիճակի և կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարկանիշի մասին, Սիմոնյանը հայտնել է, որ «դրսից մեծ փողեր են ծախսվում»։
«Հյուսիսային հարևանի կողմից»,- նշել է Սիմոնյանը, ապա դրական արձագանքել լրագրողների դիտարկմանը, թե՝ Ռուսաստանի։
Նրա խոսքով՝ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, այն պարբերաբար ակտիվանում է, դրանում գործադրված են ոմն ռուս փորձագետներ հայկական ազգանուններով, փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ հայտարարել և այլն։