ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, համաձայնել է Ուկրաինայի հետ 30-օրյա զինադադար հաստատելու առաջարկին։ Նա սակայն, առաջնահերթ պայման է համարել, որ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց մեզ համար ելակետն այն է, որ ռազմական գործողությունների դադարեցման արդյունքում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և վերացվեն այս ճգնաժամի սկզբնապատճառները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքներով հայտարարվել էր, որ Ուկրաինան ընդունում է ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի մասին։
Համատեղ հայտարարությունում նշվել էր․ «Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի հաստատման մասին, հրադադարը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվելու և իրականացվելու պայմաններով»։
Ամերիկյան կողմը Ռուսաստանին էր փոխանցել այս բանակցությունների արդյունքները։