Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից։ NEWS.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Ուղղակի հիմա բախտի անիվը, գուցե ժամանակավորապես, փոխել է այդ ծրագրերը և դանդաղեցրել դրանք՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների որոշակի բարելավման պատճառով։ Անշուշտ, դա որոշակի դժվարություն է ստեղծում Փաշինյանի համար, բայց, միաժամանակ, համոզված եմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին ամենամեծ վնասը պատճառած մարդն է՝ անկախ Հայաստանի ամբողջ գոյության ընթացքում և, գուցե, բոլոր ժամանակներում»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։
Խոսելով Ադրբեջանի մասին ՌԴ Պետդումայի պատգամավորը նշեց․
«Հիշեցնեմ, որ երբ Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ադրբեջանն ուղղաթիռ խփեց, իսկ հետո այն ինչ-որ սխալ համարվեց, իսկ հետո մեր խաղաղապահ զորքերի սպաներին դարանակալած դիրքից գնդակահարվեցին, Ադրբեջանն, իհարկե, ընդունեց իր մեղքը, բայց միաժամանակ նրանց գնդակահարողների համար ոչ մի հետևանք չեղավ, ինչպես որ ոչ մի հետևանք չեղավ այն սրիկայի համար, որը, ինչպես գիտենք, շատ տարիներ առաջ, ՆԱՏՕ-ի հետ միջոցառումների ժամանակ, Հունգարիայում գիշերը կացնով սպանեց հայ սպայի (Գուրգեն Մարգարյանին-խմբ.)… »,- ընդգծեց Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանցի քաղաքական գործիչը հիշեցրեց, որ հրեշավոր հանցագործությունը կատարած ռամիլ սաֆարովը դրանից հետո դարձել է Ադրբեջանի ազգային հերոս՝ Ադրբեջանի գործող նախագահի թեթև ձեռքով։
«Այդպես էլ հիմա տեսնում ենք Ռուսաստանի կողմից մի վերաբերմունք՝ ինչ-որ կերպ դա պահպանելու ցանկություն, մյուս կողմից՝ պարբերաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններն օգտագործելու ցանկությամբ հանդերձ, ինքնաթիռի վերջին վթարի ֆոնին, անպայման չէ՝ հենց անձամբ Ադրբեջանի նախագահի ձեռամբ, ադրբեջանական հասարակության մեջ զարգացավ ռուսատյացությունը, արգելվեց մեր «Ռուսական տունը» և այլն, և այլն։
Նման տեսակի բռնկումները բնորոշ են: Եվ ես կարող եմ որոշ առումներով համաձայնել ձեզ հետ։ Իհարկե, Ադրբեջանն այսօր էապես ավելի քիչ կախում ունի Ռուսաստանի հետ հարաբերություններից, քանի որ շարունակում է լողալ Լեռնային Ղարաբաղում իր նպատակներին հասնելու էյֆորիայի մեջ»,- նշեց նա։