Պետական ինստիտուտները տապալելու նուրբ արվեստը կամ ինչու՞ քննչական կոմիտեի սեյֆից կարողացան գողանալ 590 000 դոլարը։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով երկվա աղմուկ հանած գողությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ զուգահեռներ: Երեկ Բաղրամյան 26-ի դիմաց կանգնած եմ ծանր խցանման մեջ: Նախագահական նստավայրի առաջ կանգնած է պարեկային ծառայության ավտոմեքենան, երկու պարեկ կանգնած են դարպասների դիմաց՝ երկուսն էլ ձեռքները խաչած, ոտքները՝ կիսածալած, դեսուդեն նայելով, ինչ-որ բան են խոսում: Այդ պահին նրանց դիմացով մի բարետես աղջիկ անցավ. չափավոր կարճ հագած և համեստ քայլվածով: Պարեկներս աշխուժացան, վերից վար չափեցին այդ աղջկան և սիրաքննող հայացքներով նրան ճանապարհեցին մինչև կանգառ:
Նրանց վարքից և կանգնած ձևից հասկանալի էր, որ միայն արևածաղիկն է պակասում և կամբողջանար բոլորիս ծանոթ՝ «հայաթում լռված տղերքի» տեսարանը:
Իհարկե, նախագահականից ներս պահպանելու շատ բան չկա, հասկանալի պատճառներով, բայց պետական ինստիուտների հանդեպ նման բոշա վերաբերմունքն ուղիղ ցուցիչ է հասկանալու համար, թե երկրում ինչպիսին է կառավարման մակարդակը։ Ափսոսանքով հիշեցի այն տեսանյութերը, երբ այլ երկրներում պետական շենքերի պահպանման տեսարանները մի ողջ պատմամշակութային արարողակարգ են (Հունաստան, Եգիպտոս, Լյուքսենբուրգ և այլն, Բրիտանիայի մասին էլ չասենք):
Հիմա կասեք, ի՞նչ կապ ունեն Բաղրամյան 26-ը իրենց հայաթի բիսետկայի հետ շփոթած պարեկները քննչականի սեյֆից՝ իրեղեն ապացույց հանդիսացող հարյուր-հազարավոր դոլլարնների գողության հետ: Ուղի՛ղ կապ: Պետական ինստիտուտները տապալել են այն աստիճանի, որ թե՝ ՀՀ պետական սահմանի, թե՝ քննչականի սեյֆի, թե՝ նախագահականի շենքի պահպանությունը իրականացվում է «բիսետկայի» մակարդակով և հարկատուներիս աչքերին թոզ փչելով, իբր գործ է արվում»։