Խաղաղության պայմանագիրը իսկապես շոշափելի ձեռբերում է և նույնիսկ չստորագրված վիճակում, միայն փաստի արձանագրմամբ իսկ, որոշակիորեն բարձրացրել է Հայաստանի անվտանգության աստիճանը։ Այս մասին հունիսի 5-ին՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եկավ մի պահ, երբ մենք գիտակցեցինք, որ բանակացությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ցանկալի արդյունքներ և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված էական ձևակերպումները, և այդ պատճառով մենք հայտնել են վերջին առաջարկի շուրջ մեր համաձայնության մասին։ Ցանկացած բանակցություններում վերջում մեկը ասում է՝ լավ էս վերջին ասածդ ընդունելի է, և այդտեղ տեղի է ունենում պայմանավորվածություն։ Մեր դեպքում պայմանավորվածությունը տեքստի շուրջ տեղի է ունեցել, ստորագրությունը՝ դեռ չէ, բայց հուսանք առաջիկայում դա էլ կլինի»,- ասաց նա՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին։
Միրզոյանը խոսեց նաև ԵՄ անդամակցության մասին։ Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Բրյուսելին Եվրոպական Միությանն անդամակցելու դիմում չի ներկայացրել։
Մանրամասն՝ տեսանյութում։