Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. Վարդան Օսկանյան

Ապր 21, 2025

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Սերունդներ շարունակ մենք հարգել ենք 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք կյանքից զրկվել են պետականորեն կազմակերպված և մանրակրկիտ ծրագրված բնաջնջման արշավի արդյունքում։ Այս տարի, սակայն, մեր հավաքական ոգեկոչումը ստվերում է մի ամպ, որը դրսի ուժերից չէ, այլ ներսի։ Հստակությունը, որը երկար ժամանակ բնորոշել է մեր հիշատակման ծեսը, այժմ վտանգված է Հայաստանի ղեկավարության աննախադեպ բարոյական անկմամբ։

Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. նա հրապարակայնորեն կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները։ Նրա վերջին հայտարարությունները՝ փաթեթավորված խուսափողական, երկիմաստ ձևակերպումներով, թեև բացահայտ ժխտում չեն, սակայն վտանգավոր կերպով համահունչ են Անկարայի կողմից վաղուց տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը։ Պնդելով, որ հայերը պետք է հարց բարձրացնեն, թե «ինչու» տեղի ունեցավ Ցեղասպանությունը, և ակնարկելով զոհի պատասխանատվության մասին՝ Փաշինյանն օգտագործում է պատմության խեղաթյուրման ամենանենգ գործիքներից մեկը։

Ցեղասպանության ժխտումը մտավարժանքի կամ դիվանագիտական նրբության հարց չէ։ Այն բռնության ակտ է։ Ինչպես Էլի Վիզելն է ասել՝ «ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է»։ Այն նպատակ ունի ջնջել ոչ միայն կյանքերը, այլև հիշողությունը, ինքնությունը և ճշմարտությունը։ Ահա թե ինչու մեր ոգեկոչումն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Մենք այժմ կանգնած ենք կրկնակի սպառնալիքի առջև՝ ժխտում դրսից և արժեզրկում ներսից։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Վերապրողների վկայությունները, Օսմանյան կառավարության հրամանները, միսիոներների գրառումները, օտարերկրյա դիվանագիտական հաղորդագրությունները և անհերքելի ժողովրդագրական տվյալները՝ բոլորը վկայում են ամբողջական ժողովրդի բնաջնջման համակարգված արշավի մասին։ Դա պատերազմական քաոս չէր, այլ սառը, հաշվարկված քաղաքականություն։ Այս ամենը կասկածի տակ դնելը ոչ համարձակ է, ոչ էլ նրբագծված։ Դա բարոյական ձախողում է։

Իսկ Փաշինյանի ձախողումները չեն սահմանափակվում միայն հիշողությամբ։ Նրա կառավարման շրջանը նշանավորվել է ազգային աղետով՝ Արցախի կորստով, 120,000 հայերի տեղահանմամբ, հազարավոր երիտասարդ զինվորների մահով և նվաստացուցիչ պարտությամբ։ Նրա ղեկավարման օրոք խարխլված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր գերիները փակված են Բաքվի զնդաններում, իսկ առջևում նոր զիջումներ են։ Փաշինյանը նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի հիմնական խոչընդոտն է՝ չնայած այն հստակ ազդանշաններին, որ միջազգային հանրությունը պատրաստ է անդրադառնալ այս հիմնարար խնդրին։

Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները դատապարտելի և անընդունելի են: Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը պետք է ցասում առաջացնի յուրաքանչյուր հայի մեջ, որ սերունդներ շարունակ կրել է հիշողության բեռը։

Թուրքիան տասնամյակներ շարունակ ժխտել է Ցեղասպանությունը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի ժամանակների փոխադարձ տառապանք՝ փաստաթղթերը որակելով քարոզչություն և աշխարհով մեկ մոռանալու լոբբինգ անելով։ Այժմ այդ հռետորաբանությունը մտահոգիչ ձայնակցություն է գտել Երևանում։ Փաշինյանի խոսքերը ոչ միայն խարխլում են Հայաստանի բարոյական դիրքն արտերկրում, այլև սպառնում փշրել այն հավաքական հիշողությունը, որը մեր ժողովրդին միասնական է պահել։

Փաշինյանի այս արարքը դատողության սխալ չէ։ Այն խզում է։ Առաջնորդը, որին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, չի կարող միաժամանակ խարխլել մեր բարոյական և պատմական ինքնության ակունքները։ Փաշինյանի հռետորաբանությունը քաջալերում է ժխտողականներին և քայքայում ազգային միասնության հիմքերը։

Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները: Փաշինյանը զրկվել է երկիրն առաջնորդելու բոլոր իրավունքներից՝ բարոյական, քաղաքական և իրավական: Արդարության վերահաստատման և ազգային վերածննդի ուղին անցնում է նրա հեռացման միջով»:

Նմանատիպ նյութեր

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում կրկին երկրաշարժ է գրանցվել

Գավառում երկրաշարժ է գրանցվել Ցնցումները գրանցվել են ժամը 09:40-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում (2 բալ...

Անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրազեկող հաղորդագրություն է տարածել՝ որ դեպքում կարող է մերժվել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը։ «Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, և անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու...

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Իսկ ի՞նչ էր մեզ պետք». Սա թերեւս ամենակարեւոր հարցն է, որի պատասխանն էլ անչափ կաևոր է. Արա Պողոսյան

«Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված ռեժիմով։ Ռեակտիվ արտաքին քաղաքականություն, ռեակտիվ ներքին քաղաքականություն, ռեակտիվ բանակաշինությունը չէր կարող մեզ համար ապահովել հաջողություններ երկարաժամկետ հեռանկարում, բայց մենք անգամ...

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել  Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

Բերդավանի բնակիչներին պարտադրել են մասնակցել Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը բնակիչները մասնակցել են պարտադրանքով։ Մասնավորապես, լրատվամիջոցին ահազանգած քաղաքացին նշել է՝ տնօրեններին հրահանգվել է, որ ներկա լինեն։ Բերդավանի...