Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ հերքել է այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք խեղաթյուրում են հայ-թուրքական սահմանի բացման իրադարձությունները։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ որոշ թուրքական լրատվամիջոցներ հրապարկել էին «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» վերնագրով նյութեր։
Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյան անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով։ 1992 թվականին ընդունված նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ալիջան սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն հումանիտար օգնության տեղափոխման համար»։
Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը մարտի 22-ին Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել Թուրքիա՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա և նույն երթուղով կվերադառնան Հայաստան։