Ամենավատ կանխատեսումները հաստատվում են․ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսել է խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյան:
«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը մյուս օրը՝ ապրիլի 22-ին, արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։
Հաջորդ քայլն այն է, որ համայնքի ղեկավարը ուղարկում է արձանագրությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ:
Կա յոթօրյա ժամկետ, որ համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է:
Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց Սոս Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու 33 մանդատից 14-ը զբաղեցնում է ՔՊ-ն, 19-ը՝ ընդդիմադիր ուժերը, որոնք էլ համայնքապետ են ընտրել Վարդան Ղուկասյանին։
Այսինքն, մեկ մանդատագողությամբ, ՔՊ-ն դեռևս չի կարողանա Գյումրիում իշխանություն փոխել։