2021-ը հետպատերազմյան ծանր տարի է. ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ` բոլորովին այդպես չէ, գրում է «Առավոտը»:
Կայքն ուսումնասիրել է, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը:
Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է հանդիսացել այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք՝ ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:
Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա:
Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Իրականում վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է:
Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը