17 11 2021

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

Որոշել են այս խառը ժամանակներում սղղացնել որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը տեւական հետաձգումներից հետո երեկ քննել է մի շարք համայնքապետերի դեռ մարտին ներկայացված բազմաչարչար դիմումը եւ մերժել այն։ «Նշված գործով ձայների հավասարության հետեւանքով, ըստ էության, որոշում չի ընդունվել, ուստի, համաձայն «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված»,- մեզ տեղեկացրին ՍԴ-ից:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի իշխանությունների թեթեւ ձեռքով փոփոխություններ կատարվեցին ԸՕ-ում․ ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար։ Նաեւ օրենքում, օրենքի անցումային դրույթներում կատարված փոփոխությամբ, ամրագրեցին համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը:

Այսինքն` իշխանությունն իրեն իրավունք վերապահեց ոչ թե ժամկետը լրանալուն պես ընտրություններ նշանակել, այլ իր ուզած անձին նախ ԺՊ նշանակել, ապա նրա միջոցով կազմակերպել ընտրությունները, որ իշխանական թեկնածուի հաղթանակը երաշխավորված լինի:

ՍԴ-ն մարտ ամսից բազմիցս հետաձգում էր հարցի քննությունը, մինչեւ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ՏԻՄ ընտրություններով վերջնականապես ուզուրպացներ իշխանությունը, երեկ, սակայն, որոշել է քննության առնել եւ մտածելով, որ այս խառը ժամանակներում հանրությունը չի նկատի իրենց ապօրինի որոշումը, որոշել է սղղացնել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ