«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը չորրորդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական որոշ ուժերի ղեկավարների հետ: Ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս»-ի ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան»-ի նախագահ Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք»-ի նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Փաշինյանը նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի 3 ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»։ Եվ հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո:
Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ընտրությունը կանգ է առել Նորայր Նորիկյանի, Սամվել Բաբայանի եւ Դավիթ Սանասարյանի վրա, որոնք կընդգրկվեն քննիչ հանձնաժողովում: Սակայն օրենսդրական բաց կա, եւ հանձնաժողովի նիստերին այս անձինք կարող են մասնակցել բացառապես որպես հրավիրյալներ, մինչդեռ իշխանությունը ցանկանում էր որպես փորձագետ ներգրավել եւ արբայնակ ուժերի հետ նեղել ԱԺ ընդդիմությանը՝ պատերազմի պարտության սլաքներն ուղղելով դեպի նախկինները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը