«Փաստ» օրաթերթը գրում է
Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելու միջնորդությունները շարունակում են բավարարվել: Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նախ նշում է խախտված մի շարք իրավունքների մասին: «Առհասարակ ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ինչպես նաև քաղաքական իրավունքները: Այն, ինչ կատարվում է մասնավորապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ, կոպիտ ոտնձգություն է նաև նշված իրավունքների հանդեպ: Մեծ հաշվով, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ պետական, ավելի կոնկրետ՝ իշխանական մակարդակով:
Այդ հետապնդումներն իրականացվում են այլախոհների, քաղաքական այլ կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Մենք գործ ունենք կոպիտ քաղաքական հետապնդումների հետ: Կարևոր է ընդգծել նաև, որ այդ ամենն արվում է ակնհայտորեն: Հանրությանը բացահայտ ուզում են ցույց տալ, որ այս ամենի հիմքում հենց քաղաքական դրդապատճառն է: Իշխանությունը չի քողարկում նպատակը և այն իրականացնում է ակներև, ակնհայտ ու շատ կոպիտ ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ այս ամենն իրականում մի քանի նպատակով է իրականացվում:
«Այս գործողությունների թիրախում նաև հասարակության այն հատվածն է, որը քաղաքական այլ կողմնորոշում ունի ու չի սատարում գործող իշխանությանը: Մենք գործ ունենք իշխանական մակարդակով իրականացվող հոգեբանական ճնշման, ավելի կոնկրետ՝ հոգեբանական տեռորի հետ: Որևէ բան այդքան ուժեղ չի ազդում հանրության վրա, ինչպես նման «բաց դասերը», որոնք տրվում են իշխանության կողմից: Այսօր խախտվում է հասարակության ազատ արտահայտվելու իրավունքը, մարդիկ հետապնդվում են քաղաքական կողմնորոշման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ մատնանշելով նաև իշխանության հեռահար նպատակների մասին, որին, ըստ նրա, կարող է հասնել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամը:
«Ինչո՞ւ Սյունիք: Սյունիքն, այո, առանձնահատուկ, ռազմավարական նշանակություն ունի: Բայց հեռահար նպատակների հիմքում միայն այս բաղադրիչը չէ: Խնդիրն այն է, որ հետապնդվող անձինք շատ պարզ արտահայտել են իրենց կարծիքը: Իսկ այս ամենը նպատակ ունի ենթարկեցնել Սյունիքի ամբողջ բնակչությանը: Այս ամենն ավելի քան պղտոր նպատակներին, քայլերին է ուղղված, որոնց մասին պարզորոշ արտահայտվում է Ալիևը՝ խոսելով ՀՀ տարածքների հանդեպ ունեցած նկրտումների մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքապետներից շատերին մեղսագրվող արարքներին, որոնց մեջ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու բաղադրիչն է, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այստեղ մանիպուլ յատիվ տեխնոլոգիայի կորիզ կա: Փորձում են այնպիսի հարցով գործընթացը սկսել, որը լայն խավերի մեջ այդ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք կառաջացնի: Փորձում են ներկայացնել այնպես, թե իբրև այս մարդիկ ինքնիրավչությամբ են զբաղվել այն խոցելի ուղղությամբ, որն այդքան ցավոտ է: Ամենախոցելի խմբերի համար ազդակ են ուզում հղել՝ ցանկանալով ցույց տալ, թե՝ տեսեք, այդ հարցերում ինչքան վատ ու սխալ են գործել ձեր ղեկավարները: Տվյալ դեպքում, իհարկե, արդարության սկզբունքի հարց չկա, այս ամենը մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների շարունակության տրամաբանության մեջ է: Ուզում են տպավորություն ստեղծել, թե այս մարդիկ հանցագործներ են, ինչի համար հայտնի մանիպուլ յատիվ տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, որի հիմքում այս դեպքում մարդկանց քաղաքականապես չեզոքացնելն է: Ըստ այդ տեխնոլոգիայի, սկզբից փորձում են ցույց տալ լայն խավերին, որ այդ մարդիկ հարգանքի արժանի չեն, քրեորեն հետապնդելի արարքներ են գործել, հետո փորձում են քաղաքականապես չեզոքացնել»:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ամենի մեջ մեկ այլ՝ աշխարհաքաղաքական «նյուանս» կա: «Նկատելի է, որ իշխանությունները պայքարում են ոչ թե Ադրբեջանի նկրտումների, այլ այն անձանց դեմ, որոնք Սյունիքի՝ Հայաստանին պատկանելու հարցում անզիջում դիրքորոշում ունեն ու ամուր են այդ հարցում: Փոխանակ բոլոր ուղղություններով պայքարեն Ադրբեջանի իշխանությունների նկրտումների դեմ, ուժեղացնեն Հայաստանն ու նաև Սյունիքի համայնքները, այս իշխանությունները հակառակն են անում՝ պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին: Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ կապ կա: Այս ամենը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պղտոր կամ ստվերային ինչ-որ համաձայնությունների նշաններ է կրում՝ հաշվի առնելով նաև այն, ինչ արվում ու հայտարարվում է Ալիևի կողմից: Այս ամենն արվում է միջազգային հանրության աչքի առաջ, և հենց այդտեղ է ամենամեծ մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է հայ ժողովուրդն ու Հայաստանը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը