06 03 2021

12 հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել․ «Ժողովուրդ»

12 հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել․ «Ժողովուրդ»

«Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական շրջանների աշխատակազմերը լարված և շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի և ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի:

Բանն այն է, որ քաղաքապետի որոշումով պետք է հավելյալ ընդունելություն կազմակերպվի, որպեսզի օնլայն հերթագրվածները կարողանան հաճախել մանկապարտեզ: Մեզ հայտնի դարձավ, որ այս խնդրով ծնողներն ամեն օր անհանգստացնում են վարչական շրջանների աշխատակազմերին: Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ավելի քան 12 հազար գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են, թե երբ է հերթը իրենց հասնելու:

Պարզվում է՝ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը չի կարողացել լուծել շենքային պայմանների հարցը. չէ՞ որ մանկապարտեզներում հավելյալ տեղեր պետք է ավելացվեն, որպեսզի կորոնավարակի պայմաններում հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը և հակահամաճարակային կանոնները:

Արձանագրենք, որ կառավարությունը կարանտինի պայմաններում նոր պայմաններ է սահմանել դպրոցների, բուհերի համար, բայց մանկապարտեզների մասին մոռացել է:

Շատ ծնողներ այս ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ, որտեղ գները սկսում են 70 հազար դրամից, կամ աշխատանքից ազատվել են երեխային պահելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ