24 02 2021

Խայտառակ զբոսանք՝ Կառավարության մի շենքից մյուսը․ «Հրապարակ»

Խայտառակ զբոսանք՝ Կառավարության մի շենքից մյուսը․ «Հրապարակ»

«Ժամանակին քաղաքացիների մեջ ազատ շրջող և հեծա­նիվով աշխատանքի գնա­ցող Նիկոլ Փաշինյանը, ում ականջն արդեն սովորել է «Նիկոլ, դավաճան» վերացարկումներին, երեկ որոշել էր կա­ռավարության կենտրոնական մասնա­շենքից 3-րդ մասնաշենք հասնել ոտքով՝ այցելելու շրջակա միջավայրի նախարարություն: Նրա՝ ընդամենը մի քանի մետր տևող զբոսանքը, սակայն, ուղեկցվեց բավականին դրամատիկ պահերով: Ժողովրդի վարչապետի անվտանգությունն ապահովելու հա­մար կառավարության մասնաշենքերի մոտ ոստիկանական բազմահազա­րանոց զորք էր բերվել, որոնք շղթայել էին ամբողջ տարածքը՝ խոչընդոտելով անգամ այդ տարածքով աշխատանքի գնացող քաղաքացիների մուտքը: Իշխանությունն այսպիսի հուժկու պատրաստություն էր տեսել, քանի որ Հայրենիքի փրկության շարժման անդամները նախօրեին հայտարարել էին, որ հաջորդ օրը պետք է գային և փորձեին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի շարժը կառավարության մի շենքից մյուսը: Փաշինյանն էլ, վախե­ցած դրանից, փաստորեն, հրահանգել էր ոստիկանական գրեթե ամբողջ նե­րուժը մոբիլիզացնել մեկ վայրում, որ ինքն անխոչընդոտ անցնի տարածքով: Բայց միայն ոստիկանները չէին հսկում տարածքը: Կառավարության հա­րակից պուրակում նաև բազմաթիվ ԱԱԾ-ականներ կային, իսկ շենքերի տանիքներին էլ դիպուկահարներ էին տեղակայվել: Ու թեև Փաշինյանը ոտքով, իհարկե, բազմաթիվ թիկնա­պահների ուղեկցությամբ, մոտեցավ շենքին, փողոցում, այդուհանդերձ, մեկ զրահապատ Mercedes էր կայանված՝ ուղեկցող ամենագնացներով: Սա արել էին հավանաբար այն նպատակով, որ եթե հանկարծ, ինչ-որ մի հրաշքով Փաշինյանի վրա հարձակում տեղի ունե­նար, նրան հասցնեին արագ նստեցնել զրահապատ մեքենան ու փախցնել տարածքից:

 

Կարճ ասած, անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կզարմանար՝ իր տեղաշարժի ժամանակ այսպիսի «ժո­ղովրդավար» դրսևորման ականատես լինելով: Իշխանությունները, ի դեպ, Նիկոլ Փաշինյանին պաշտպանում էին ընդամենը մեկ-երկու տասնյակ քաղաքացիներից, որոնց մեջ էին նաև ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները: Եվ երբ նա թիկնա­պահների ուղեկցությամբ, գլուխը հիմնականում կախ՝ քայլում էր դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, շենքի կողքը՝ մետրոյի հատվածում հավաքված քաղաքացիները սկսե­ցին բղավել. «Հողատու, թուրքի շուն», «Նիկոլ, դավաճան, թուրքի կոշիկ լիզող»: Այս ամենը, բնականաբար, որևէ ազդեցություն չթողեց նրա վրա, նա հանդարտ քայլքով մտավ շենք ու այնտեղ մնաց ավելի քան երկու ժամ: Դուրս գալիս դարձյալ նույն պատ­մությունն էր՝ «հողատու, թուրքի շուն, դավաճան» և այլն:

Այդ 2 ժամվա ընթացքում ցուցա­րարների շարքերը բավականին նոսրացան: Ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություննե­րի երիտասարդներին, ընդամենը այն պատճառով, որ համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի հետևից ինչ-որ բաներ բղավել: ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, մինչև բերման ենթարկվելը, հասցրեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում այսպես «սողունի նման սողալով է տե­ղաշարժվելու քաղաքում»: Զուգահեռ հիշեցրեց նաև, որ նրա պաշտոնա­վարմանն ընդամենը հաշված օրեր են մնացել:

 

Ոստիկաններն սկսեցին կամաց-կամաց առաջ գալ՝ հետ մղելով մետրոյի կայարանի մոտ կանգնած քաղաքացիներին: Որքան ոստի­կաններն առաջ էին գալիս, այնքան Հայաստանի ժողովրդավարությունը հետքայլ էր կատարում, քանզի նրանք այնպես էին անում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիների սրտի խոսքը որևէ կերպ լսելի չլիներ ժողվարչապետի ականջին: Քաշքշոցի ու բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները հասցրին գետնին տապալել նաև մեր գործընկեր օպերատորներից մեկին:

Բերման ենթարկելու և ոստի­կանների հետ բախումների իրավի­ճակներ եղան նաև մի քանի մետր ներքև՝ Մելիք Ադամյան փողոցի հատվածում, որտեղ գտնվում է ինչ­պես կառավարության կենտրոնական մասնաշենքը, այնպես էլ ՀՀԿ գրա­սենյակը: Այստեղ ևս ոստիկանա­կան հաստ պատնեշներ էին գոյացել, նրանք ամբողջովին փակել էին ՀՀԿ գրասենյակի մուտքը և թույլ չէին տա­լիս անգամ ՀՀԿ-ականներին, որոնց թվում նաև էդուարդ Շարմազանովն էր, մուտք գործել իրենց աշխատա­վայր: Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, որ ոստիկաններն ընկել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետևից, հարվածներ հասցրել նրան: Ոստիկանների կիրա­ռած ուժի հետևանքով Սաղաթելյանը վնասվածք էր ստացել, կադրերում տեսանք, որ նրա դեմքից արյուն էր հոսում:

Այդ ամբողջ ընթացքում ոստի­կաններն այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն մեզ չտրամադրեցին, թե ում անվտանգությունն են այսպես մեծ ուժերով ապահովում, թեպետ պարզ էր, թե ում, ինչ հիմքով են խոչընդոտում լրագրողների, նաև հասարակ քաղաքացիների ազատ տեղա­շարժը և այլն: Ի դեպ, մեր հարցին՝ ում անվտանգությունն եք ապահովում, ոստիկաններից մեկն այդպես էլ պա­տասխանեց. «Մեզնից լավ գիտեք»: Զգացվում էր՝ իրենք էլ են հոգնել այս իրավիճակից, թեպետ նրանցից ոմանք առանձնահատուկ ջերմեռանդությամբ էին կատարում քաղաքացիների վրա հարձակման հրահանգն ու ուժ կիրառում նրանց վրա: Եվ սա առաջացնում էր հավաքվածների զայրույթը, ովքեր ոստիկաններին մեղադրում էին «դա­վաճանի հրահանգները կատարելու մեջ»:

Ամոթալի տեսարաններով ներկա­յացումն ավարտվեց ժամը 1-ի կողմե­րը: Երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ իր կաբինետ, ոստիկանության և ԱԱԾ-ի զորքերը ցրվեցին, ոստիկաններին բե­րած տասնյակ ավտոբուսները, խցա­նումներ առաջացնելով, հեռացան, և քաղաքը մտավ իր բնականոն հունի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ