«Արցախյան երկրորդ պատերազմից շատ կարճ ժամանակ անց Արցախում քաղաքական վերադասավորումներ սկսվեցին։ Տպավորություն էր, թե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իշխանությունը խաղաղ փոխանցել այլ ուժերի և գործիչների ու հեռանալ։ Հիշում ենք Արցախի նախագահի հայտնի հայտարարությունը պատեհ պահի, ողջամիտ ժամկետներում նոր ընտրություններ կազմակերպելու և իշխանությունը փոխանցելու մասին։ Կարող եք հարցնել, թե ինչո՞ւ եմ օգտագործում տպավորություն բառը, եթե մարդը շատ ուղիղ էլ ասաց, որ հեռանում է։ Որովհետև անձամբ ես ի սկզբանե հասկացել էի, որ Հարությունյանը որևէ տեղ չի շտապում, ուղղակի ժամանակ է շահում իր իշխանության խարխլված հիմքերն ամրացնելու համար։
Ի դեպ, պարադոքսալ ու հակաբնական է, բայց ոչ մի տեղ չի շտապում նաև Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ մարդն ասում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա։ Թողենք բոլոր ձևականություններն ու կեղծ բարեվարքությունները՝ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը։ Մի շատ հայտնի խոսք կա՝ «ի՞նչն է երկու մարդու ամուր կապում իրար... պարզ բան՝ համատեղ գործած հանցանքը»։ Նիկոլն ու Արայիկը պատերազմը համատեղ պարտված, Արցախի մեծ մասը համատեղ թշնամուն մատաղ արած, հազարավոր երիտասարդների համատեղ սրի ու հրի տարած մարդիկ են։ Հետևաբար նրանք նաև համատեղ են գնալու, ոչ շուտ, ոչ ուշ, այլ ճիշտ ժամանակին (սրա պատճառներն ավելի խորքային են, կքննարկենք առանձին)։ Նրանց՝ համատեղ հեռանալու կամ հեռացվելու արդյունքում միայն հնարավորություն կլինի ամբողջությամբ բացահայտել այս դավադրությունը։ Իսկ հիմա այս մարդիկ հայ ազգի լուռ հայացքի ներքո զիջում են այն ամենը, ինչ հնարավոր է ու նույնիսկ արտաքուստ անհնար։
Ի դեպ, հիշում եք՝ Հայաստանում էլ Նիկոլն էր բունկերից ասում, թե 6 ամիս եմ ուզում, հետո թող ժողովուրդը որոշի, ընտրություն անենք... ու նման լոլոներ։ 6 ամսից 3-ն արդեն անցել է, բայց չկարողացա թեկուզ մեկ դրական փոփոխություն առանձնացնել պատերազմի ավարտից մինչ այսօր։ Ինչևէ, առաջ անցնենք։ Արայիկ Հարությունյանը 2 օր առաջ Ֆեյսբուքում բողոքել է, թե «մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա–Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»: Նախ՝ ուշադրություն դարձրեք «Արցախի արտաքին և ներքին թշնամի» ձևակերպմանը և Արայիկի պահանջին, այն էլ պաշտոնական՝ «ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց»։
Ինչպես կասեր հայտնի պերսոնաժը՝ իյա, իրո՞ք։ Նկատո՞ւմ եք բարոյական անկման արագությունը։ Մարդը, Նիկոլի ձեռքը պինդ բռնած, Արցախ գրեթե չի թողել, հիմա հոխորտում է Արցախի անունը չտալ ու ժողովրդի հույզերը չշահարկել։ Ինչ վերաբերում է «ներքին թշնամիներ» ձևակերպմանը, ապա այն ամբողջական նիկոլական է, որի ձևակերպման սկզբնաղբյուրը պետք է փնտրել Հայաստանում՝ կառավարության միջանցքներում։ Հիմա ժամանակագրություն։ Այնպես չէ, որ վերջին 3 ամսվա ընթացքում ո՛չ Արցախի անունն է շոշափվել, ո՛չ էլ տարատեսակ քաղաքական գործընթացների, որի առանցքը եղել են Արցախի իշխանությունները։ Ընդհակառակը՝ սկզբնական շրջանում հայաստանյան և արցախյան ընդդիմադիր ուժերի հռետորաբանությունն ու գործողություններն ավելի կոշտ են եղել, քան Ամանորից հետո։ Հետևաբար ինչո՞ւ է հիմա Արայիկ Հարությունյանը խուճապի մեջ։
Ի դեպ, ուշադրություն դարձրե՞լ եք՝ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վախերի յուրատեսակ ինդիկատորներից մեկն է։ Եվ ընդհանրապես, եթե ուշադիր եղել եք, ապա Արայիկի վերջին հայտարարության քաղաքական հետագիծը կփնտրեք Հայաստանում։ Ամփոփենք։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին։ Քոչարյանի քաղաքական հայտին առանձին կանդրադառնանք։ Քոչարյանի վերջին 2 հարցազրույցները սկիզբ են դրել քաղաքական վերադասավորումների ոչ միայն ընդդիմադիր հարթակում։ Բնականաբար, մեծ ճակատամարտին պատրաստվում է նաև իշխանությունը։ Արայիկ Հարությունյանի հոխորտանքները դրա առաջին ծիծեռնակներից են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը