17 09 2020

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու:

Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, և ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, և խոսքը վերաբերում է նախարարների և փոխնախարարների հաստիքների փոփոխությանը: Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու:

Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաև Արման Բոշյանը, և այժմ քննարկվում է նրան տանելու և որևէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:

Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաև պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, և վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին:

 Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, և նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու:

Նկատենք նաև, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստում անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել և ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, և պետք է խնդիրները քննարկել:

Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձևաչափով, և Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը ևս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ