20 12 2019

Իշխանությունը «հանրային» բառի իրական իմաստը չի՞ հասկանում․ «Հրապարակ»

Իշխանությունը «հանրային» բառի իրական իմաստը չի՞ հասկանում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շատ օրիգինալ մտածողություն ունի մեր այսօրվա իշխանությունը՝ մի կողմից ատելության խոսքի դեմն առնելու քայլեր է մտածում՝ անգամ պատժի քրեականացում նախատեսելով։ Մյուս կողմից՝ ատելության խոսքի կրողներից մեկին նշանակում է Հանրային խորհրդի նախագահ։ Նորանշանակ նախագահի ֆեյսբուքյան էջը մտնողները կարող են զարհուրել նրա լեքսիկոնի, պահվածքի, կուլտուրայի, մտածողության դրսեւորումներից։ Այս պարագայում, հայտարարությունները, թե մենք չենք խրախուսում ատելության խոսքը, դառնում են սին։ Չխրախուսելը գոնե պետք է արտահայտվեր նրանով, որ նման խոսքի կրողները որեւէ պաշտոն ու կարգավիճակ չստանային երկրում, առավել եւս՝ «հանրային» կոչվող մարմնում։

Գուցե մեր իշխանությունն այս բառի իրական իմաստը չի՞ հասկանում։ Հանրային, այսինքն՝ հանրության հարցերով զբաղվող, հանրության հոգս ու ցավին հաղորդակից, հանրության հետ շփվելու կարողություն ունեցող, հանրային ընկալման մեջ ընդունելի, հանրային բոլոր շերտերի, հատկապես խոցելի խմբերի՝ փոքրամասնությունների, ընդդիմության, անապահով խավերի համար ընկալելի անձ պետք է զբաղեցներ այս պաշտոնը։ Ժամանակին մենք քննադատում էինք Վազգեն Մանուկյանի նշանակումը։ Ընդ որում՝ ավելի շատ Մանուկյանի տեսանկյունից, որը համաձայնեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ստանձնել այդ մարմնի ղեկավարի դերը՝ փոխելով «երկրի նախագահի» հավակնություններն ինչ-որ խորհրդի նախագահի կարգավիճակի հետ։

Բայց Վազգեն Մանուկյանը կենսափորձ ունեցող, հանրային լայն խավերի կողմից ընդունելի ու հարգված անձ էր։ Հիմա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվածը «հանրային» բառի բոլոր իմաստներից միայն «հանրային կոնֆլիկտներին» ակտիվ մասնակցությամբ է աչքի ընկել եւ ազատ խոսքի ու ԶԼՄ-ների հանդեպ անհանդուրժողականությամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ