19 11 2019

ՀՀ արտաքին քաղաքականության հարցով ակնկալիքները չեն արդարացել․Գերասիմչուկ․168.am

ՀՀ արտաքին քաղաքականության հարցով ակնկալիքները չեն արդարացել․Գերասիմչուկ․168.am

168.am-ը գրում է․ ««Ռուսաստանը շարունակում է ամուր դիրքեր ունենալ Հայաստանի Հանրապետությունում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը և հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով հակառուսական փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ-ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ է քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։

Սերգիյ Գերասիմչուկի խոսքով՝ նրանք, ովքեր սովորաբար մեկնաբանում են այս հարցը և գիտեն, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ ավանդաբար, անկախ բանաձևի բովանդակությունից, աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հանգել են այն համոզմանը, որ այն երկրները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, իրենց քվեարկությունը մշտապես իրականացնելու են ռուսական քաղաքականության շրջանակում:

«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:

Այո, կա բացասական ազդեցություն՝ այդ քվեարկությունից ելնելով, բայց դա կանխատեսելի է, մեծ սպասումներ չկան, որ ինչ-որ բան կփոխվի, ինչպես չկան ակնկալիքներ, որ Ռուսաստանում ինչ-որ բան կփոխվի»,- ասաց Գերասիմչուկը:

Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ Հայաստանին վերաբերող բանաձևերի հնարավոր քվեարկության դեպքում Ուկրաինան վստահաբար կառաջնորդվի միայն միջազգային իրավունքի սկզբունքներով. «Ուկրաինական կողմը չի առաջնորդվի այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, քվեարկությամբ և դրան նման հարթակում «պատասխանելու» անհրաժեշտությամբ»:

Նա նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ ակնկալիքներ էր առաջացրել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միայն հայերի, այլ նաև ուկրաինացիների շրջանում: «Որոշակի ընդլայնում ենք տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը որևէ փոփոխության չի ենթարկվել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն անվտանգության ոլորտում կախված է Ռուսաստանից: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշ ակնկալիքները, որոնք կային հեղափոխությունից հետո, չեն արդարացել: Կային ակնկալիքներ, որ ավելի սերտ համագործակցություն կլիներ ԵՄ-ի հետ, տեսնում ենք, որ որոշակի կապեր հաստատվում են, սակայն միևնույն ժամանակ՝ դեռ նկատելի է, որ Ռուսաստանը չափազանց ուժեղ ներկայություն ունի Հայաստանում: ԵՄ-ն դեռ որևէ առավելություն չունի ՀՀ-ում: Հայաստանի հարաբերությունների պատմությունը ԵՄ-ի հետ ցույց է տալիս, որ Ռուսաստանը ՀՀ-ում այնքան լծակներ ունի, որ կարող է արտաքին քաղաքական կուրսը փոխել առաջնորդների մակարդակով մեկ հանդիպման շնորհիվ: Պարզապես ուկրաինական տեսանկյունից հեղափոխական գործընթացներից մարդիկ սպասում են կարդինալ փոփոխություններ, այնինչ կարդինալ փոփոխություններ, ցավոք սրտի, տեղի չեն ունենում: Դրանք տեղի չունեցան Մոլդովայում, Ուկրաինայի դեպքում ևս հարց է, թե որքանով են փոփոխություններն արմատական: Այլ երկրների դեպքում հեղափոխությունը հանգեցրեց հստակ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության, Հայաստանի դեպքում նման բան տեղի չունեցավ»,- ասաց Գերասիմչուկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ