23 05 2019

Պարոն Քոչարյանն ինձ պաշտպանել է, ո՞նց իրեն չպաշտպանեմ. Ալումյան․ «Առավոտ»

Պարոն Քոչարյանն ինձ պաշտպանել է, ո՞նց իրեն չպաշտպանեմ. Ալումյան․ «Առավոտ»

«Ոնց հասկանում եմ՝ ինքը մյուս բոլոր Հայկերի հավաքական կարծիքն է ուզում ներկայացնել, բայց ինքն այդ լիազորությունները չունի։ Կիրթ մարդը խորհուրդներ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում: Այս դեպքում՝ ես իրենից խորհուրդ չեմ հարցրել: Իր հարցազրույցը վառված մարդու խոսք է, ես շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է», անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայկ Ալումյանը «մի հատ բան կարա ճիշտ անի՝ գնա իրա անունը փոխի, իր անունը կրելը պատիվ չի բերում Հայկ անունը կրող մյուս քաղաքացիներին» այսպես է արձագանքել Հայկ Ալումյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ դիտարկմանը, թե «ինքը էն մարդն է, որը պաշտպանում է մի մարդու շահերը, որը Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանության մեջ է մեղադրվել դատարանի կողմից, կալանավորվել է…»:

«Երբ որ ես իմ տանը հանգիստ քնած եմ եղել պարոն Քոչարյանն ինձ ու իմ հարազատներին, 3 միլիոն հայաստանցիներին,150.000 արցախցիներին պաշտպանել է 90-ականներին: Հիմա ինքն է դիմել, որ ես իրեն պաշտպանեմ, ոնց կարող է պատահի, որ իմ մտքով անցնի ես իրեն չպաշտպանեմ: Ես հանգիստ Երեւանում քնած եմ եղել, առավոտյան արթնացել եմ ու իմացել եմ, որ տարածքներ են ազատագրվել Արցախում, որը ես Հայաստանից չեմ տարբերում, այսինքն, մարդիկ ինձ են պաշտպանել, երբ ես քնած էի, ու այդ պաշտպանողներից ամենա-ամենաարդյունավետներից մեկը եղել է պարոն Քոչարյանի ներդրումը: Քննադատողների մեջ, հավանաբար, կան վարսավիրներ, բժիշկներ, դերձակներ, թող իրենց վրա վերցնեն, եթե պարոն Քոչարյանն իրենց մոտ ինչ-որ մի շոր պատվիրեր, ինքը չէ՞ր կարելու, կարելու էր ու դեռ համարելու էր, որ իր մասնագիտության մեջ արդեն բավականին մեծ բանի է հասել, եթե պարոն Քոչարյանն իր մոտ է այդ շորը պատվիրել կամ բժիշկ, որին դիմեր պարոն Քոչարյանը, բժշկական օգնություն չէ՞ր ցուցաբերելու ու իր գործընկերների մոտ էլ իր հեղինակությունը բարձրանալու էր, որ դիմել էր ոչ թե մեկ ուրիշին, այլ՝ իրեն, ու իրենցից յուրաքանչյուրն իր մասնագիտության մեջ կվերցներ, հանձն կառներ այդ պատվերը կատարել, ինչու են կարծում, թե ես ուրիշ ձեւ պետք է մտածեմ:

Միանշանակ ասում եմ՝ կոնկրետ այս գործով, չգիտեմ՝ մնացածն ինչ են գրում, այն, ինչ վերագրվում է պարոն Քոչարյանին, պարոն Քոչարյանին ակնհայտորեն վերագրվել չի կարող: Այս գործով քաղաքական հետապնդում է իրականացվում: Ես՝ որպես փաստաբան, որպես մարդ ոչ մի կերպ չեմ կարող ընդունել, որ Հայաստանում որեւէ գործով այդպիսի խախտումներ պետք է տեղի ունենան, ու ես անտարբեր լինեմ այդ խախտումների նկատմամբ: Ով ինձ իրավաբանական օգնության համար դիմել է, նրանցից շատերը հիմա facebook-ում ակտիվ են, նրանք հաստատ գիտեն, թե փողն ինձ համար որերորդ տեղն է զբաղեցնում, եթե ես որոշում եմ՝ ինչ-որ մեկի գործը վերցնել, թե՝ չէ: Անուններ չեմ ուզում տալ, որ իրենք իրենց վատ չզգան, բայց իրենցից շատերն անվճար են ստացել իրավաբանական օգնություն»,- ասել է Հայկ Ալումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ