06 11 2018

Ինչո՞ւ են փախչում իրենց առնետային դրախտից․ «Հայոց աշխարհ»

Ինչո՞ւ են փախչում իրենց առնետային դրախտից․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մոծակը նեղացած փնչացրեց եւ վազելով մի կողմ քաշվեց։ Նա մեծ էր՝ շան պես, շիկակարմիր բծերով։ Հավանաբար քնի մեջ ես անգիտակցաբար արտասանել էի նյութականացման բանաձեւը եւ անէությունից պատահմամբ կանչել այդ մռայլ կենդանուն։  

Այդժամ զինվեցի «Մաթեմատիկական մոգության հավասարումների» հատորով, բացեցի լուսամուտն ու վռնդեցի մոծակին դուրս՝ սառնամանիքին։ Ձնահողմը անմիջապես պտտեցրեց նրան եւ կորցրեց խավարում։ Այսպես են առաջանում անառողջ սենսացիաները, մտածեցի ես»։  

Իրականում անառողջ սենսացիաները առաջանում են այլ կերպ, բնավ ոչ այնպես, ինչպես Ստրուգացկի եղբայրների «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վիպակում։  

Եվ դրանց ծնվելու պատճառը սկզբում կարող է այնքան էլ պարզ չլինել։ Վերցնենք թեկուզ վերջին անառողջ սենսացիան. «Լույս» դաշինքի փլուզումը։ Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» որոշեցին հրաժեշտ տալ իրար եւ առանձին-առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Անհաղթահարելի տարաձայնություններ ընդհանուր նախընտրական ցուցակը կազմելի՞ս, Փաշինյանի մարտավարական քա՞յլ, ըստ որի եթե ընտրությունների գնան երեք շարասյունով, ապա կարելի է հասնել ավելի լավ արդյունքների, թե՞ գոյություն ունի ինչ-որ այլ պատճառ։  

Ընդհանուր առմամբ, թե ինչ ձեւաչափով «Քաղպայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» կմասնակցեն ընտրություններին, Փաշինյանի համար նշանակություն չունի։ 1960-ական թվականներին ԱՄՆ նախագահի՝ տաքարյուն տեխասցի Լինդոն Ջոնսոնի մասին, բացի ամենայնից, պատմում են հետեւյալը։   

Մի անգամ Ջոնսոնը իր շքախմբով քայլում էր ինքնաթիռներով լի օդանավակայանով։ «Ահա ձեր օդանավը, պարոն նախագահ»,- ցույց տվեց Ջոնսոնին պալատական նրբություններին անտեղյակ երիտասարդ սպան։ «Տղաս,- պատասխանեց նախագահը,- բոլոր այս օդանավերն էլ իմն են»։  

Մենք հո գիտենք, թե իրականում ում են պատկանում հեղափոխական բոլոր «օդանավերը»։   

Ամեն ինչ «հեղափոխականների» ճամբարում կախված է պաշտոնակատարի կամքից։ Կցանկանա Փաշինյանը՝ կճախրեն փուչիկները խորհրդարանի միջանցքներով մինչ հաջորդ ընտրություններ։ Չի ցանկանա՝ կխփի ցուցամատով ձանձրացրած փուչիկին. շրը՛խկ, եւ չկա կուսակցությունը։ Իսկ փոխարենը որեւէ նոր բան կփչեն։ Իշխանական սերը ոչ միայն կարճատեւ է, այլեւ երեսպաշտ։  

Ի վերջո, «Քաղպայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» հրապարակային երդում չեն տվել, թե հավերժ միասին են լինելու։ Նման արարողություններ լինում էին միայն միջնադարում։ Ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, 842 թվականի փետրվարի 14-ին, երբ Ստրասբուրգում Կարլոս Ճաղատ եւ Լյուդովիկոս Գերմանացի թագավորները «պետության բարօրությունն ապահովելու համար որոշեցին ամրապնդել հավատարմությունն ու եղբայրական սերը զինվորների ներկայությամբ փոխադարձ երդմամբ»։   

Ըստ որում՝ թագավորներից յուրաքանչյուրի կողմից երդման խախտումն ազատում էր զինվորներին նրան տված հավատարմության երդումից։  

Բայց ժամանակները փոխվում են, եւ այժմ ավելի շուտ կողմնորոշվում են ոչ թե 842 թվականի Ստրասբուրգի ուղղությամբ, երբ բավական շատ էր վայրենությունը, եւ մարդիկ նշանակություն էին տալիս երդումներին, այլ ժամանակակից Ստրասբուրգի, որտեղ «երդմնազանցություն» բառն անգամ հայտնի չէ, իսկ է՛լ ավելի լավ է՝ Հաագայի, այլապես էլ ի՞նչ ժողովրդավարություն։   

Միանգամայն հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» իսկապես ստիպված լինեն ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ Չանելով, ըստ որում, կտրուկ շարժումներ ու անմտածված քայլեր։

Մեծագույն զգուշության եւ Աստծո առանձնակի ողորմածության դեպքում կարելի է անվնաս անցնել ականապատ դաշտով, բայց եթե այդպիսի դաշտում կազմակերպես մի քանի գործողությամբ մարլեզոնյան բալետ, ապա բարեհաջող ելքի հնարավորությունը կհավասարվի զրոյի։  

Իսկ այդ կուսակցությունների համար իսկապես կարող է դժվար լինել։ Չէ՞ որ մինչ այդ նրանք ապրում էին ինչպես ձկները ակվարիումում։ Ձուկը ակվարիումում իրեն ավելի լավ է զգում, քան գետակում. ջուրը մաքուր է, լավ կերակրում են, գիշատիչներ չկան։ Բայց միայն այն պայմանով, որ ինչ-որ մեկը մշտապես կեր լցնի ու փոխի ջուրը։ Առանց տիրոջ ակվարիումը երկար չի ապրում։  

Մի՞թե ձկներն ակվարիումում իսկապես դուրս են եկել տեւական անաբիոզից եւ խռովություն սկսել տիրոջ դեմ։ Ու միանգամից ձեռք են բերել ունակություն՝ Պիկասոյի պես տարբերել երկնագույնի տասներկու երանգներ այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են երկու-երեքը։ Մերթ ջուրը, պարզվում է, բավականաչափ մաքուր չէ, մերթ կերն է ժամկետանց, մերթ ակվարիումի տերը ինքն է գիշատչի պահվածք դրսեւորում։   

Ոչ, չենք հավատում մենք խռովության տեսությանը։ Ամենայն հավանականությամբ, դա պարզապես խաղ է։   Թեեւ, մյուս կողմից, բացառված չէ, որ Փաշինյանին արդեն ձանձրացրել է «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» տեսքով այդ բալաստը։ Եվ իսկապես, ի՞նչ օգուտ դրանցից։ Ինչպես ձիուց՝ հին օդեսական անեկդոտում։  

Մի մարդ սայլապան է վարձում, որպեսզի Դերիբասովսկիից հասնի գյուղ։ Սայլապանը նախազգուշացնում է. «Գնանք, միայն թե ձիս զառամ է»։  

Եվ իսկապես. հենց որ հասնում են վերընթաց ճանապարհի, ձին կանգնում է տեղում, սայլապանը խնդրում է ուղեւորին հրել սայլը, այլապես առաջ չեն շարժվի։ Իջնում են լանջից. ստիպված են պահել սայլը, որ շուռ չգա։ Իսկ հետո նոր վերելք, նորից հրել ու պահել...  

Մի խոսքով, մինչեւ տեղ են հասնում, այդ մարդուց յոթ քրտինք է թափվում։ Վճարում է նա սայլապանին ու հարցնում. «Ամեն ինչ հասկանում եմ, բացի մի բանից. ինչի՞ համար հետներս ձիուն վերցրինք»։   

Ասենք, մենք չենք բացառում այն տարբերակը, որ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» այնուամենայնիվ իրենք են որոշել նետվել անհայտության գիրկը։ Այդպիսի, առաջին հայացքից անտրամաբանական, բայց անհաղթահարելի ցանկություն է առաջացել նրանց մոտ։ Գիտությանն այդ երեւույթը հայտնի է։  

Ժամանակին գիտնականներն անցկացրին մի չափազանց հետաքրքիր գիտափորձ։ Նրանք կառուցեցին առնետային հատուկ բնակարան՝ բազմաթիվ սենյակներով։ Պայմաններ ստեղծեցին առնետների բոլոր հնարավոր պահանջների բավարարման համար. բազմազան սնունդ, մարզադահլիճ՝ սկյուռիկի անիվներով, կինոդահլիճ՝ գունաերաժշտությամբ (նրանք սիրում են դա)...  

Իսկ այդ դրախտի մի անկյունում դեպի անհայտություն տանող անցք բացեցին։ Որտեղից կարելի է դուրս ցատկել։   Առնետները այդ դրախտային գաղութում շատ արագ հարմարվում են, ապրում հաճույքներ վայելելով։ Բայց հետո նրանց մեջ հայտնվում են առանձնյակներ, որոնք սկսում են հետաքրքրություն դրսեւորել այդ անցքի նկատմամբ։ Ըստ որում՝ ոչ միայն պարզապես հետաքրքրություն. նրանք մոտենում են դրան ու անհայտի առջեւ վախ ապրում։ Մորթը բիզ-բիզ է կանգնում, նվազում են մաշկագալվանական ռեֆլեքսները։ Մի խոսքով՝ սաստիկ հուզմունքի բոլոր նշանները։  

Թվում է, լավ, ո՞վ է պոչիցդ քաշում։ Վազվզիր, ցատկոտիր, ապրիր՝ վայելելով կյանքը։ Ոչ, նրանք մոտենում են անցքին, նայում, հետ վազում, հետո նորից մոտենում։    Եվ ի վերջո չեն դիմանում, ցատկում են անցքի մեջ, փախչում իրենց առնետային դրախտից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ