13 06 2024

Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել․ «Հրապարակ»

Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից ԱԺ այցելած Նիկոլ Փաշինյանը ողջ օրը գերլարված հոգեվիճակում էր, ինչը չկարողացավ քողարկել: Նրա այցից առաջ շենքում, դրանից դուրս եւ հատկապես նիստերի դահլիճում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկել: Հազարավոր ոստիկաններ պատ էին կազմել ԱԺ շենքի առջեւ, իսկ նրա այցից առաջ անվտանգության 4 աշխատակից դահլիճում հատ-հատ ստուգում էին պատգամավորների աթոռները, սեղաններից հավաքում ջրի շշերը։ Նիստի ողջ ընթացքում 2 աշխատակից նստել էին դահլիճում, չնայած դահլիճում հիմնականում ՔՊ-ական պատգամավորներն էին, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկմանը եւ եկավ միայն հարցուպատասխանի ժամանակ:

Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում եւ ձայնային հաղորդագրություններ ուղարկում՝ հավանաբար, հրահանգներ տալով ենթականերին եւ անվտանգությանը: Իսկ ընդմիջումների ժամանակ, սթրեսը հաղթահարելու միտումով, շրջում էր ԱԺ այգում, որտեղից երեւում էր դրսում հավաքված բազմությունը: Նաեւ այցելել է բուֆետ, շփվել լրագրողների հետ: Իսկ սրբազանի հայտարարած հավաքի ժամին` հարցուպատասխանից առաջ, ԱԱԾ զորք է բերվել խորհրդարան, այդ թվում՝ դիմակավորված աշխատակիցներ:

ԱԺ աշխատակազմն էլ առավոտյան պատգամավորների եւ նրանց օգնականների ելումուտը սահմանափակող որոշում ընդունեց՝ ժամը 2-ից մինչեւ 22:00-ն թույլատրելով ելումուտը միայն Բաղրամյանի մուտքով: Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքը, փաստորեն, անառիկ էին պահել Նիկոլ Փաշինյանի համար»։

 
 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ