«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ եւ ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար: Նախ Պետական պահպանության ծառայությունը՝ ՊՊԾ-ն առանձնացրեց ԱԱԾ-ից ու դարձրեց իրեն ենթարկվող կառույց:
Հիմա էլ որոշել է ծառայության համար զարգացման հնգամյա ռազմավարություն եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր կազմել, եւ այս նպատակով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա այդ գործառույթը լիազորել վարչապետին: Իսկ ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նախագծում այսպիսի հիմնավորում է ներկայացվել․ «Ծառայությունն իրականացնում է առաքելություն, որի ընթացքում չունի սխալվելու իրավունք («Զրոյական ձախողում»), քանի որ մեկ սխալը կամ նույնիսկ մի քանի վայրկյան հապաղումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ազգային անվտանգության տեսանկյունից:
Հաշվի առնելով «Զրոյական ձախողմամբ» առաքելությունը՝ Ծառայությունը պետք է լինի դինամիկ զարգացող կառույց, որը մշտապես գնահատում է իր կարողությունները, վեր է հանում առկա բացերը, թիրախային քայլեր է ձեռնարկում՝ այդ բացերը լրացնելու համար, եւ շարունակաբար կատարելագործում է, թե՛ Ծառայության նյութատեխնիկական կարողությունները, թե՛ իր զինծառայողների մասնագիտական կարողությունները:
Ծառայության շարունակական կատարելագործման եւ թիրախային բարեփոխումների իրականացման համար հրամայական է հստակ բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի առկայությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը